«Հարցդ կոռեկտ ձևակերպի ու մեզ մի վախացրու»

  • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 13:29
Դիլիջան քաղաքում ընտրողների հետ նախընտրական հանդիպման շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը մարդկանց հորդորեց, որ երկրից արտագաղթելու մասին հայտարարություններով թող չփորձեն իրեն վախեցնել:

Ազատամարտիկ ներկայացած Գևորգ անունով քաղաքացին դժգոհեց, որ վարչապետի հետ հանդիպում է պահանջել՝ բարձրացնելու իր շրջապատի ազատամարտիկների ու երիտասարդների խնդիրները: Բայց, չնայած իր դիմումներին, հանդիպում չեն կազմակերպել: Նա կոչ արեց լուծել խնդիրները: “Եթե չէ, ես ընտանիքով գնում եմ Հայաստանից”, սպառնաց նա:

“Դու հիասթափված ես, նեղված ես և այլն, էդ քո ներքին տրամադրությունը մի փորձի բոլորի վրա տարածես: Հարցդ կոռեկտ ձևակերպի ու մեզ մի վախացրու, որ գնալու ես երկրից: Ես շատ եմ ցանկանում, որ դու չգնաս երկրից: Հարցդ գրավոր տուր, ես ցավոք սրտի մեր բոլոր քաղաքացիների հետ չեմ կարող հանդիպել”, ասաց Կարեն Կարապետյանը: Այնուհետև նա դիմեց հավաքվածներին. “Ժողովուրդ ջան, հետաքրքիր եմ սկսել հանդիպումը ոնց որ, թե չէ Գևորգը գնում ա, ընենց ռադիկալ տրամադրված ա”:

Վարչապետը դիլիջանցիներին մանրամասնեց, որ յուրաքանչյուր համայնք, այդ թվում՝ Դիլիջանը, ունենալու է իր զարգացման ծրագիրը, որտեղ համայնքապետը պետք է ներկայացնի, թե որտեղից է սկսում, ինչ պայմաններ են համայնքում, ինչքան գործազուրկ կա, միջին աշխատավարձը որքան է, հինգ տարի հետո ինչ է լինելու:

“Այն համայնքներում, որտեղ մենք հանդիպում ենք, համայնքապետերը քաշվում են, որովհետև իրանք ընկնում են պրիցելի տակ: Այդ թվում ոնց որ Դիլիջանն էլ ա ընկել”, ասաց վարչապետը: