Արյունալի միջադեպ Արարատի մարզում. Մանրամասներ

  • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 12:14
Արարատի մարզում նախընտրական հերթական միջադեպն է գրանցվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ արյունոտ միջադեպ է գրանցվել Արարատի Դեղձուտ գյուղում: Ծանր մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել դաշնակցական պատգամավորի թեկնածուի քրոջ որդին` Հովիկ Նազարպուրը:

Վերջինս համագյուղացի Սմբատին հանդիմանել է ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի կողմից Դեղձուտ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար` ասելով, որ գյուղի թեկնածուն դաշնակցական է: Առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ էլ դանակով հարվածել է Նազարպուրին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, դեռ չգիտի, թե ինչ է եղել: «Նոր եմ գնում մարզ, գնամ տեսնեմ ինչ եղել»,- ասաց նա: Միաժամանակ Ալիկ Սարգսյանն ասաց, որ դեպքը չի կարող կապ ունենալ ընտրողների հետ իր հանդիպման հետ: «Ըտենց թեմա չի եղել», ասաց նա:

Ոստիկանությունից ասացին, որ դեպքով նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե:

Դեղձուտի գյուղապետ Յուրիկ Մուրադյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ նման միջադեպ է եղել, բայց ասաց, որ երկու օր առաջ է դեպքը տեղի ունեցել:

«Ես տեղեկացված եմ, որ նման դեպք կա, մանրամասներին ծանոթ չեմ», ասաց գյուղապետը:

Ամենաընթերցվածը