Միլլերին Հայաստանում սխալ են հասկացել

  • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 10:05
Հայկական մամուլում տեղեկություն տարածվեց, թե Գազպրոմ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Գազպրոմը համաձայն է սահմանին գազի գնի նվազմանը պայմանով, որ Հայաստանից ներս էլ գինը նվազի, սպառողների համար:

Ըստ ռուսական աղբյուրների՝ նա հայտարարել է, որ Գազպրոմը 2017-ի համար նվազեցրել է գազի գինը սահմանին եւ համաձայնվել նաեւ, որ գինը նվազի Հայաստանի ներսում, սպառողների համար:

Առաջին դեպքում ստացվում է, որ Գազպրոմը մտահոգված է Հայաստանի սպառողների վիճակով, Միլլերն էլ ակնարկում է, որ Գազպրոմը կապ չունի Հայաստանի սահմանից ներս գազի կրկնակի թանկացման հետ:

Դժվար է ասել՝ դա թյուրըմբռնման արդյունք է, թե պարզապես սխալ թարգմանություն, սակայն այն տարածվեց ու «հասավ» ընդհուպ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ով զարմանք է հայտնել այդ կապակցությամբ:

Եվ ճիշտ է արել, որ զարմանք է հայտնել, քանի որ Միլլերը նման բան չի ասել: Բայց մեկ այլ բան է զարմանալի, որ Ռոբերտ Նազարյանը չի հետեւում Հայաստանի գազի մենաշնորհային մատակարար Գազպրոմի ղեկավարի ելույթներին:

Իրականում, ինչպես ասվեց, Միլլերը հայտարարել է, որ Գազպրոմը համաձայնվել է, որ գազի գինը նվազի նաեւ Հայաստանի ներսում, սպառողների համար: Սա լիովին տեղավորվում է հայ-ռուսական գազային պայմանագրի տրամաբանության մեջ, քանի որ Գազպրոմը դե ֆակտո գազի գին թելադրողն է եւ կարող է մեծահոգաբար համաձայնվել հայ սպառողի համար գնի իջեցմանը: Տվյալ դեպքում՝ 7 դրամով: Իսկ Հայաստանի իշխանության խնդիրն է պահպանել Գազպրոմի շահույթը, ինչի մասին հայտարարել են Հայաստանի նախկին ու ներկա վարչապետները, եւ ինչը ամրագրված է հայ-ռուսական պայմանագրերում:

Խոշոր հաշվով, իհարկե, սպառողի համար ոչինչ չի փոխվում, քանի որ ոչ ոք այդպես էլ հոդաբաշխ չի բացատրել, թե ինչու է սահմանից այս կողմ գազը գրեթե կրկնակի թանկանում: Սա տիպիկ հայ-ռուսական գործարք է, որտեղ կողմերը պայմանավորվում են գնի, շահույթների եւ այլնի շուրջ:

Ամենաընթերցվածը