Վարչապետը հայտնվել է անհարմար վիճակում. Ժողովուրդ

  • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 08:56
«ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է բավական անհարմար վիճակում. օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը, երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել են նրա հայտարարությունները, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չէր աշխատել վառելիքի անորակության պատճառով:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են. «2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման եւ, հետեւաբար, մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել»:

Դատախազությունը նաեւ տեղեկացրել է, որ իրենք զինտեխնիկայի խափանման մասին լուրերի մասով համապատասխան նյութեր են նախապատրաստել, բայց որեւէ փաստ չի հաստատվել:

Այս պատկերն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին. վարչապետն ԱԺ-ում արած սկանդալային հայտարարությունը, ըստ էության, կրկնել էր ե՛ւ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ե՛ւ կառավարության վերջին նիստում: Ու փաստորեն Սահմանադրությամբ պետության երրորդ պաշտոնյան մի բան է պնդում, պաշտպանության նախարարությունն ու դատախազությունը՝ մեկ այլ բան՝ այդպես հերքելով Կարապետյանին: Իսկ թե նրանցից ո՞վ է ճիշտ, դժվար է միանշանակ ասել:

Դժվար է նաեւ միանշանակ ասել՝ արդյո՞ք վարչապետն այս հայտարարություններն անում է PR-ի համար, թե միգուցե իրավապահներն են կոծկում եղելությունը: Ամեն դեպքում այս հարցը մնում է բաց»:

Ամենաընթերցվածը