Լոռիում խաղի մեջ է մտել նաեւ Վալերի Մեջլումյանը

  • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 18:47
Լոռու մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները թեժ ընտրապայքարի մեջ են միմյանց հետ և նախընտրական քարոզչության փուլում միմյանց մասին բացասական տեղեկությունները փորձում են ընդդիմադիրների միջոցով հանրայնացնել:

Լոռիում ՀՀԿ-ն ունի 7 ռեյտինգային թեկնածու, որոնցից միմյանց հետ թեժ մրցապայքարի մեջ են ԱԺ պատգամավորներ Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը և Արկադի Համբարձումյանը: Այս եռյակին գումարվում է ևս մեկ հավակնոտ թեկնածու՝ Լուսինե Մեջլումյանը: Ասում են, որ հենց այս թեկնածուները միմյանց մասին որևէ բացասական ինֆորմացիա են ճշտում, իրենց աղբյուրներով այդ մասին տեղյակ են պահում մարզի ընդդիմադիր ուժերի շտաբներին: ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից յուրաքանչյուրն այս օրերին տարբեր խոստումներ են տալիս մարդկանց՝ սկսած անվճար բուժօգնություն ցուցաբերելուց մինչև ընտրակաշառք:

Միմյանց հետ թեժ մրցապայքարի մեջ գտնվող վերոնշյալ չորս թեկնածուներից անցնելու են երկուսը, լավագույն դեպքում՝ երեքը: Ասում են, որ Վահրամ Բաղադսարյանը ջանք չի խնայում, որպեսզի գոնե երկրորդ տեղը գրավի՝ Կարեն Կարապետյանից հետո: Երրորդ տեղի համար թեժ մրցապայքարի մեջ են Արկադի Համբարձումյանն ու Լուսինե Մեջլումյանը: Վերջինս Ալավերդիում գործող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենն է, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի զարմուհին:

Ըստ տեղեկությունների՝ Ալավերդու տարածաշրջանում նա ակտիվ աշխատանք է տանում բնակչության հետ, նաև իրենց լծակներով ճնշում են գործադրում այն ընտրողների վրա, որոնք կամ աշխատում են այս ընկերությունում, կամ ազգականներ ունեն այնտեղ: Նաև տեղեկություններ կան, որ մարդկանց ցուցակագրում են՝ Լուսինե Մեջլումյանի օգտին 5000-ական դրամ բաժանելու համար:

Վահրամ Բաղդասարյանի օգտին, ըստ մամուլի տեղեկությունների, ակտիվ աշխատանք են տանում քրեական հեղինակությունները: Մասնավորապես, չորս քրեական հեղինակության մասին տեղեկություն կա, որոնցից են Նեգրն ու Չուգունը: Մեր աղբյուրները պատմում են, որ Վանաձորի “Տարոն” Թաղամասում Չուգունը ահաբեկում է հատկապես երիտասարդներին, նրանց ցուցակագրում ու ստիպում է խոստանալ, որ ընտանիքներով ձայն են տալու Վահրամ Բաղդասարյանին:

Ուշագրավ է այն, որ ՀՀԿ թեկնածուների օգտին են աշխատում նաև ՀՅԴ և Հայկական վերածնունդի անդամները: Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական անդամ Սեյրան Աղաբեկյանն այս օրերին ակտիվ քարոզչական աշխատանք է տանում Վահրամ Բաղդասարյանի օգտին: Իսկ ՀՎԿ ռեյտինգային ցուցակով Լոռիում առաջադրված թեկնածու Արկադի Փելեշյանը նախընտրական քարոզչություն է տանում ՀՀԿ-ի օգտին: Նա, հիշեցնենք, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարամզանովի եղբոր մտերիմն է: Վանաձորում նկատել են, որ Արկադի Փելեշյանը գրեթե նախընտրական պաստառներ չունի, իր քարոզչությամբ չի զբաղվում, փոխարենը սատարում է ՀՀԿ-ին:

Ամենաընթերցվածը