Կոնգրես-ՀԺԿ դաշինքը անհանգստացած է քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող բռնության դեպքերով

  • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 17:46
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը

Մամուլը բազմաթիվ տեղեկություններ է հաղորդում այն մասին, որ նախընտրական քարոզարշավը ուղեկցվում է բռնարարքներով։ Մասնավորապես, վերջին օրերին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, օգտագործվել է սառը զենք, հնչել են կրակոցներ: Արդյունքում՝ չորս վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց: Ընդդիմախոսների ծեծը կազմակերպելու գործում հայտնի եւ դրանից հետո անպատիժ մնացած փոխոստիկանապետ Լյվա Երանոսյանի եւ իր եղբոր՝ ոստիկանության բարձրաստիճան սպա Լեռնիկ Երանոսյանի հասցեին հնչող եւ տեսանյութերով հիմնավորվող մեղադրանքները կրկին ապացուցում են, որ անպատիժ հանցագործությունը ծնում է նոր հանցագործություններ:

Մի այլ միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Աջափնյակ համայնքում, որտեղ ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը անհանգստացած է քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող այսօրինակ դեպքերով, ինչը արդյունք է իրավապահ մարմինների՝ իրավիճակին ոչ համարժեք արձագանքի: Կոչ ենք անում ՀՀ պատկան մարմիններին՝ հնարավորինս կարճ ժամկետում իրականացնել հետաքննություն եւ պատժել մեղավորներին: Այսօրինակ միջադեպերի հնարավոր արագ բացահայտումը անհրաժեշտէ՝ ապահովելու համար նախընտրական քարոզարշավի օրինականությունը եւ բոլոր մասնակիցների միջեւ հավասարությունը:

Ամենաընթերցվածը