Սերժ Սարգսյանը մեկնաբանել է գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգի անցնելու հնարավորությունը

  • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 15:01
Սերժ Սարգսյանն անդրադարձել է գիտական աստիճանի շնորհման երկաստիճան համակարգից միաստիճան համակարգի անցնելու մասին խոսակցություններին: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում նախագահության տարեկան հաշվետվության ընթացքում ՀՀ Նախագահն անդրադարձավ ակադեմիայի անդամների բարձրացրած մտահոգությանը, թե մեխանիկական անցումը միաստիճան համակարգի կհանգեցնի լուրջ խնդիրների:

«Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ լուրջ տեսակետներ չեն եղել կամ աշխատանք չի իրականացվել, որ գիտական կոչման շնորհման միաստիճան համակարգի անցնենք: Խոսակցություններ ես լսել եմ, հետաքրքրվել եմ, այդպիսի տրամադրություն չկա: Որոշակի փոփոխություններ նախատեսվում են, բայց, համենայնդեպս, օրենքի նախագիծը գոյություն չունի, և ես չեմ տեսել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը հավելեց, որ Հայաստանը պետք է համահունչ լինի եվրոպական գիտական միջավայրին, սակայն պետք է պահի իր առանձնահատկությունը: «Ինչ էլ որ անենք, պետք է անենք մտածված և մասնագետների հետ լայն քննարկումներից հետո: Առանց քննարկումների նման օրենքի նախագիծ չի լինելու»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Ամենաընթերցվածը