ԱՄՆ դեսպանը այցելել է ՀՎԿ գրասենյակ

  • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 13:34
Նախօրեին «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր  դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներին առնչվող հարցեր: Ողջունելով դեսպանին՝ Արթուր Բաղդասարյանը ընդգծել է  ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը և նշել է, որ կարևորում է ընտրությունների համապարփակ վերահսկողության հարցում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քվեարկության գաղտնիության պահպանման, ընտրությունների արդյունքների էլեկտրոնային եղանակով ամփոփման և այլ հիմնախնդիրների:

Դեսպանի առաջարկով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է նաև կուսակցության նախընտրական ծրագրի քաղաքական առաջնահերթությունները, ընտրական գործընթացի դրական և բացասական կողմերը:

Իր հերթին ԱՄՆ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մասնավորապես նշել է. «Հուսով ենք, որ տեղամասերում տեղադրված նոր տեխնիկական սարքավորումները կնվազեցնեն ընտրակեղծիքների հնարավորությունները քվեարկության օրը և նաև կօգնեն մեծացնել ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի ու ընտրության արդյունքների նկատմամբ: Կարևոր է սակայն հիշել, որ ընտրակեղծիքները չեն սահմանափակվում միայն նրանով, ինչ տեղի է ունենում քվեարկության օրը ընտրատեղամասում: Դրանք կարող են նաև ստվեր նետել ներկայումս Հայաստանի  գյուղերում ու քաղաքներում ընթացող ընտրարշավի մթնոլորտի վրա: Ընտրությունների վերաբերյալ վերջնական գնահատական տալիս թե՛ մենք, թե՛ միջազգային հանրության մնացյալ մասը քննության ենք առնելու ընտրական գործընթացի բոլոր ասպեկտները՝ ընտրարշավի ընթացքից մինչև քվեարկություն ու ձայների հաշվարկ»: