«Արթուր Սարգսյանի և կալանավորումը, և նրա հետ կապված բոլոր գործողությունները ճշտվել են Սերժ Սարգսյանի հետ». Նիկոլ Փաշինյան

  • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 13:22
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի և կալանավորումը, և նրա հետ կապված բոլոր գործողությունները իրավապահների կողմից ճշտվել են ամենաբարձր մակարդակում՝ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Ելք դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը:

«Փետրվարի 27-ից մարտի 5-ը, երբ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խուսափում էր խոսել մեզ հետ ու ընդունել մեզ, իմ խորին համոզմամբ, նա փորձել է ճշտումներ անել Սերժ Սարգսյանի հետ: Ինչո՞ւ, որովհետև այս հարցի ու Արթուր Սարգսյանի շուրջ հասարակական մեծ հնչեղություն էր ձևավորվել, որը կարող էր ունենալ նաև որոշակի հանրային ու քաղաքական պոտենցիալ», ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում պետք է մանրամասն իրավական քննության առարկա դառնան կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացրած քննիչի գործողությունները, այդ հարցով որոշում կայացրած դատավորի, գործով վերահսկող դատավորի, ինչպես նաև Գլխավոր դատախազի գործողությունները: Պետք է մանրամասն հետաքննվի այն հարցը, թե ինչքանո՞վ են այս հարցով իրավապահ մարմինները կաշկանդված եղել և ինչքանով են նրանց կայացրած որոշուների վրա ազդեցություն ունեցել Բաղրամյան 26-ից:

Ըստ Փաշինյանի՝ պետք է հանրությունը շատ հստակ և իր համար հասկանալի պատասխան ստանա, թե ի վերջո ի՞նչն է դարձել Արթուր Սարգսյանի մահվան պատճառը:

«Հարց է հնչում այն մասին, թե ինչո՞ւ այնուամենայնիվ Արթուր Սարգսյանի հետ այսպես վարվեցին: Ինձ համար պատասխանը միանշանակ է՝ Արթուր Սարգսյանի հետ այսպես վարվել են՝ հետևողականորեն նրան խոշտանգելով՝ ՀՀ-ում հուսահատության մթնոլորտը, քաղաքացիների ու ժողովրդի հուսահատությունն ավելի խորացնելու համար: Հետևաբար, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի իշխանությունը իր նպատակին չկարողանա հասնել: Հետևաբար, կարևոր է շարունակել պայքարը այնպիսի Հայաստան ունենալու համար, որտեղ Արթուր Սարգսյանի նման մարդիկ, ընդհանրապես ոչ մի քաղաքացի նման վերաբերմունքի ու ճակատագրի չի արժանանա», ասաց Փաշինյանը:

Ամենաընթերցվածը