ՕՐՕ դաշինքը առաջարկում է ձեւավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ առանց ՀՀԿ-ի

  • Ներքին կյանք - 17 Մարտի 2017, 12:45
Ընդդիմադիր ուժերի հետ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու պատրաստականության մասին

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը.

- Լի վճռականությամբ՝ նպաստելու Հայաստանում ազգային համաձայնության մթնոլորտի ձեւավորմանը, բոլոր առողջ ուժերի համախմբմանը ու միասնաբար կառուցելու ազատ, արդար, բարեկեցիկ, հզոր ու անվտանգ պետություն,

- Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավաքական կամքով՝ իրականացնել երկրում արմատական եւ համակարգային բարեփոխումներ,

- Վճռական՝ վերականգնելու Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգը, տնտեսական ազատ մրցակցությունը, ապահովել յուրաքանչյուր մարդու ազատությունների, իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությունը եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին,

- Նպատակ ունենալով վերջ դնել երկրում համակարգային կոռուպցիային, իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհին, ամենաթողությանը, տնտեսության անարդյունավետ կառավարմանը եւ համատարած ապօրինություններին,

- Եվ գիտակցելով այն պարզ իրողությունը որ նախընտրական այս շրջափուլում ՀՀԿ-ի կողմից բանեցվող ընտրախախտումները եւ բռնությունները, Ջրառատում իրականացված հանցագործությունը, իշխանության ապօրինի գործողությունների հետեւանքով Հաց բերող Արթուր Սարգսյանի վաղաժամկետ մահը լցրել են Հայաստանի ժողովրդի համբերության բաժակը եւ ՀՀԿ-ի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք՝

Իր պատրաստականությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձեւավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ-ի ներգրավումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել եւ ստորագրել համապատասխան հուշագիր:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք

17 մարտի 2017թ. Երեւան