Հաց բերողի մահը իրավիճակ է փոխում

    • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 22:31
Հաց բերող Արթուր Սարգսյանի մահը փոխել է իրավիճակը նախընտրական Հայաստանում։

Այն գիծ է քաշել, որի մի կողմում մնացել են նախընտրական խոստումները, «թագավորի» առջեւ ծնկի գալը, ընտրակաշառքը, վախերը, իսկ մյուս կողմում՝ կյանքն ու մահը։

Այս մահից հետո այդ ամենն արժեզրկվում է։

Այս մահը փոխել է նաեւ մեկ կարեւոր բան՝ հասարակության այն մասը, որը չի ուզում մասնակցել իշխանության թելադրած խաղին, չէր գտնում ոչ մի գաղափար, որի շուրջ կարելի էր համախմբվել։ Ընդդիմությունը եւ հասարակական բողոքական այլ խմբեր առաջարկում են կամ նախկին պաշտոնյաների ռեինկարնացիա, կամ արտաքին քաղաքականության փոփոխություն, կամ փոխված իշխանության իշխանափոխություն, կամ տարածքային զիջումներ, կամ էլ բռնություն եւ հեղափոխություն։

Հաց բերողը խորհրդանշել է բոլորի համար հասկանալի գաղափար՝ հումանիզմ։

Սերժ Սարգսյանն իսպանական թերթին տված հարցազրույցում, Վլադիմիր Պուտինն էլ Սարգսյանի հետ հանդիպմանը խոստովանել են, որ գործընթացը դժվար է լինելու, հաղթանակը կարող է հեշտ չլինել։ Նրանք գիտեն, որ սպասվում է դաժան պայքար՝ եւ նախընտրական, եւ գուցե հետընտրական։

Այս պարագայում ապագա խորհրդարանի կազմը, առավել եւս ՀՀԿ հաղթանակը դառնում են երկրորդական խնդիր։ Կարեւոր է միայն մեկ բան՝ թույլ չտալ, որ իրավիճակը հանգի ցնցումների։

Երբ Սերժ Սարգսյանը 2013-ին սահմանադրական փոփոխություն նախաձեռնեց, շատերը գնահատեցին այն որպես վարչապետ դառնալու ցանկություն եւ նպատակ։ Նրան համեմատում էին Միխեիլ Սահակաշվիլիի հետ, որը եւս սահմանադրություն փոխեց, սակայն չկարողացավ վարչապետ դառնալ ընտրությունների արդյունքում։

Բայց Սահակաշվիլին կարողացավ անցնցում փոխանցել իշխանությունը։ Կարո՞ղ է դա անել Սերժ Սարգսյանը։