Քարվաճառում վիքի ակումբ է բացվել

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 19:47
Քարվաճառում «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ վիքի ակումբ է բացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քարվաճառի վիքի ակումբի համակարգող Թամարա Գրիգորյանը նշել է, որ ակումբ կարող են հաճախել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման:

«Ներկա դրությամբ՝ վիքի ակումբ է հաճախում 7 երեխա. նրանք խմբագրական աշխատանքներով են զբաղվում: Հաճախողների թվի ավելացման միտում կա, քանի որ մինչև ակումբի բացվելը շատերն էին ցանկություն հայտնել մասնակցելու, սակայն, շենքային պայմաններ և համակարգիչներ չունենալու պատճառով, չէինք կարողանում բոլորին ընդգրկել»,-ասել է Գրիգորյանը և ավելացրել, որ նրանք, ովքեր ցանկություն ունեն զինվել գիտելիքներով, կարող են այցելել վիքի ակումբ:

Քարվաճառի վիքի ակումբի համակարգողի խոսքով՝ ակումբ հաճախող երեխաները ընդլայնում են իրենց աշխարհընկալումը, գիտելիքներ ու ինտելեկտ են ձեռք բերում, գտնում նոր ընկերներ:

«Նրանք կատարում են նաև թարգմանություններ, որոնք խթանում են լեզուների սովորելուն, ու նրանք կարողանում են ազատ հաղորդակցվել,-ավելացրել է Թ. Գրիգորյանը և ընդգծել,- առաջիկայում պատրաստվում ենք վորքշոփեր կազմակերպել, ինչպես Քարվաճառ շրջկենտրոնում, այնպես էլ համայնքի գյուղերում՝ դրանով հնարավորություն տալով բոլորին՝ ընդգրկվելու խմբագրական և թարգմանական աշխատանքների»:

Ստեփնակերտի և Տողի վիքի ակումբների համահիմնադիր, մայրաքաղաքի վիքիակումբի համակարգող Իրինա Սաֆարյանն էլ ասել է, որ, հովանավորներ գտնելու դեպքում իրենք ցանկություն ունեն Արցախի բոլոր շրջաններում էլ վիքիակումբներ բացել:

«Բացելով այդպիսի ակումբներ՝ երեխաները հնարավորություն են ունենալու մասնակցել, զարգացնել ու տարածել հայերեն վիքիպեդիան»,-ասել է Սաֆարյանը:

Ամենաընթերցվածը