«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայտարարությունը Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 18:52
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը խորը կսկիծով տեղեկացավ հայ ժողովրդի կողմից սիրված «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին:

Փետրվարի 12-ին իշխանությունների կողմից Արթուրի անհիմն եւ անիմաստ կալանավորումը այլ կերպ քան քինախնդրության, հաշվեհարդարի եւ նողկալի անբարոյականության դրսեւորում որակել չենք կարող: Արթուրն ուներ կալանավայրում գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններ, ինչը, սակայն, եւս հաշվի չառնվեց «արդարադատություն» իրականացնող մարմինների կողմից: «Հաց բերողը» որպես իր խախտված իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարի ծայրահեղ միջոց ընտրեց հացադուլը: 24-օրյա այս պայքարը, ինչպես նաեւ հասարակության լայն շերտերի բողոքը եւ ճնշումը իշխանությունների վրա ի վերջո հանգեցրին նրան, որ Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց, սական նրա առողջությանն արդեն այնպիսի անդառնալի վնաս էր հասցվել, որ նրա օրգանիզմը այլեւս անկարող էր դիմադրել իրեն պատած եւ այս մեկ ամսվա մեջ խորացած հիվանդություններին, եւ այսօր «Հաց բերողը» մահացավ:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հետեւողական է լինելու Արթուր Սարգսյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցում օրենքի ողջ խստությամբ՝ իրական արդարադատության համակարգի կայացման արդյունքում:

«Հաց բերողը» մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ մարդասիրության, խիզախության, ազնվության, անկաշառության մարմնավորումն էր եւ ապացույցը: Նրա մահը մեծ կորուստ էր Հայաստանի բոլոր քաղաքացիների համար:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի շտաբ

16 մարտի 2017թ., ք.Երեւան

Ամենաընթերցվածը