Ինչից է մահացել Հաց բերող Արթուր Սարգսյանը

    • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 17:17
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է աղիքի ճողվածքի վիրահատությունից առաջացած բարդության հետևանքով: Այս մասին Lragir.am-ին ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը: Հետվիրահատական շրջանում նրա վիճակը վատացել է, մահացել է սիրտ-անոթային անբավարարությունից:

Արսեն Գրիգորյանի խոսքով՝ Արթուր Սարգսյանն ուներ աղիքի ճողվածք, նրա մոտ աղիների անանցանելիություն էր առաջացել, հիվանդանոց է դիմել բավական ուշացած:

«Ուշացած դեպք էր, դա լրիվ օրգանիզմը խառնել էր: Երբ օղակումը լինում է, պետք է վեց ժամվա ընթացքում դիմել հիվանդանոց: Մատչելի լեզվով ասած, ասում են՝ գրիժան սեղմվեց, աղին սևացավ: Այ դա է տեղի ունեցել»,- փոխանցեց բժիշկը:

Հարցին, թե Արթուր Սարգսյանի վիճակի բարդացումը կարո՞ղ էր կապված լինել նրա երկարատև հացադուլի հետ, Արսեն Գրիգորյանը պատասխանեց, որ դժվար է ասել: Նա նշեց, որ միանշանակ հնարավոր չէ պնդել՝ Արթուր Սարգսյանի մոտ այդ հիվանդությունը սրվել էր հացադուլի հետևանքով, թե ոչ:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանքից ազատվել էր այն բանից հետո, երբ Դատապարտյալների հիվանդանոցում ավելի քան 25 օր հացադուլ էր հայտարարել և չէր դադարեցրել այն: Նրա վիճակը գնահատվում էր ծանր:

Ամենաընթերցվածը