Գյուղացիները հնարավորություն կունենան լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերել. նախարար

    • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 15:09
Գյուղացիները հնարավորություն կունենան լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերել: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը: Նիստից հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պարզաբանեց, թե ինչ է ենթադրում ծրագիրը: Նա նշեց, որ շուտով կայքում տեղեկություն կհրապարակեն, թե որ լիզինգային ընկերություններին կարող են դիմել գյուղտեխնիկա ձեռք բերելու ցանկություն ունեցողները: Ծրագիրն իրագործմանն ուղղվելու է 2.2 մլրդ դրամ:

«Սա այն ամբողջ գումարը չէ, որը կարող է գյուղտեխնիկայի թարմացման հարցը լուծել, բայց դա սկիզբն է: Տեսնենք պահանջարկը, ըստ այդմ առաջ կշարժվենք: Քննարկվում է նաև կենտրոնացված մեքենա-տրանսպորտային կայան ստեղծելու հարցը, որով ծառայություն է մատուցվելու այն փոքր տնտեսություններին, որոնք գյուղտեխնիկա գնելու հնարավորություն չունեն»,- ասաց Իգնատի Առաքելյանը:

Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում, ովքեր հնարավորություն ունեն, 20 տոկոս կանխավճար պետք է վճարեն, հիմնավորեն իրենց վարկունակությունը և 6 տարի մարման ժամկետով տրակտոր ձեռք բերեն:

«Ունևորը 20 տոկոս կանխավճար է վճարում, վարկունակությունը հիմնավորում է, դիմում է լիզինգային ընկերությանը, գնում է տրակտոր: Չունևորը դիմում է ծառայություն ստանալու այն ունևորից, ով ունի տրակտոր»,- ասաց նախարարը:


Ամենաընթերցվածը