Ռուսաստանաբնակ հայ գործարարներն առաջիկայում ներդրումներ կանեն Հայաստանում

  • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 14:04
Ռուսաստանաբնակ հայ գործարարները, ինչպես և խոստացել էին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ, առաջիկայում ներդրումներ կանեն Հայաստանում: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նա նշեց, որ մարտի վերջին գործարարներն իրենք կհայտարարեն, թե ինչ ներդրումների մասին է խոսքը: «Իրենք գալու են Հայաստան և այդ հայտարարությունը կանեն: Այն կազմակերպություններն են գալու, որոնք ստորագրել էին այդ հայտարարությունը, պարտադիր չէ բոլորը, բայց նրանց մեծ մասը գալու են», ասաց Կարայանը:

Նա նշեց, որ այս տարի Հայաստանի կառավարությունը մոտ 850 մլն դոլարի ներդրումներ է սպասում տնտեսությունում: Այդ ներդրումներն արդեն իսկ իրականացվում են, իսկ կառավարությունը եռամսյակը մեկ հանրությանը հաշվետվություն կներկայացնի:

Նախարարը նաև նշեց, որ այլ երկրներից ևս կան գործարարներ, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում: Վերջերս Ֆրանսիա կատարած վերջին այցի շրջանակներում 2-3 ընկերություններ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել, մոտ ժամանակներս այց են կատարելու Հայաստան՝ ներդրումներ անելու դեղագործական և սննդի արտադրության ոլորտներում:

Հարցին, թե ներդրողներին չի՞ հետաքրքրում, որ Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է, ինչի մասին կառավարության անդամներն են հաճախ ասում, Կարայանը պատասխանեց. «Հայկառակը, օտարերկրյա ներդրողներին Հայաստանը գրավիչ է նրանով, որ ոչ թե սահմանները փակ են, այլ Հայաստանն այն հարթակն է, որը օտարերկրյա ներդրողներին հնարավորություն է ստեղծում մուտք գործել շատ մեծ շուկաներ՝ ԵՏՄ շուկա, օգտվել այն արտոնյալ ռեժիմներից, որ ունենք Եվրամիության, ԱՄՆ-ի, Կանադայի հետ»:

Մանրամասները տեսանյութում

Ամենաընթերցվածը