«Մինչև փողը ստեղ կհասնի, ստավկեն կպակսի»

    • Ներքին կյանք - 16 Մարտի 2017, 10:10
Գյումրի քաղաքի բնակիչները խորհրդարանական ընտրությունները հերթական կոմեդիան են համարում՝ նշելով, որ մեծ հետաքրքրություն չունեն գործընթացի նկատմամբ: Նախընտրական Գյումրին այս անգամ ավելի պասիվ է, անգամ թեկնածուների ու քաղաքական ուժերի գովազդային պաստառների առատություն չի նկատվում քաղաքում:

Գյումրեցիները կատակում են, որ ընտրակաշառքի են սպասում: Լսել են, որ Երևանում մինչև 100 դոլար ընտրակաշառք են խոստանում ընտրողներին: Բայց Գյումրիում, ըստ տեղեկությունների, միջին թիվը 10 հազար դրամ է լինելու: «Մինչև ստեղ կհասնի, ստավկեն կպակսի», կատակում են նրանք:

Գյումրեցիներից մեկն ասում է, որ մարդիկ անտարբեր են, քանի որ նախորդ տարիներին և թեկնածուներից, և իշխանություններից շատ խոստումներ են լսել, բայց արդյունք չեն տեսել: Այս անգամ ևս միայն ասում են՝ կգանք, այս կանենք, այն կանենք:

«Բայց եթե կուզես որ մայթը սիրուն էղնի, քարերը պտի քանդես, նորից շարես: Բայց էդ քանդողը չկա, ուղղակի վերացական խոսքեր են: Անցած 25 տարվա մեջ մի բանըմ չունեցանք, որ ինչ-որ մեկը գա, մեզանից ուզե օրինակ վերցնե: Մենք սովոր ենք անընդհատ օրինակ վերցնել Եվրոպայից, սրանից, նրանից: Մենք ամեն ինչ արտագրելով ու շատ վատ արտագրելով՝ հասանք էս վիճակին», ասաց գյումրեցի մեր զրուցակիցը:

Գյումրեցի կանանցից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն մարդ իր դարդով է ապրում, հետաքրքրված չեն ընտրություններով: Հարցին, թե փոփոխություն անելու ցանկություն չունե՞ն, պատասխանեց. «Մարդկանց ցանկանալը քիչ է, պտի կատարվի: Եթե իշխանության գլխին ՀՀԿ-ն է, էլ փոփոխությունը ո՞րն է: Թող էներ, քանի տարի է իշխանության գլուխն է»:

Գյումրիի «Շիրակ» կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, ով մշտապես շփման մեջ է հատկապես քաղաքի սոցիալապես անապահով խավի հետ, Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմնականում տնակային ավաններում ապրողները մտածում են, որ իրենց ինչ-որ բան տվող թեկնածուի օգտին պետք է քվեարկեն:

«Իրենք մտածում են, որ իրենց համար ամենակարևոր խնդիրը սոցիալականն է: Դա ազդում է ընտրական գործընթացի վրա: Սոցիալական պայմանների պատճառով ինչ-որ բան պոկելու ու դրա դիմաց ծառայություն մատուցելու հոգեբանություն կա այս խավի մոտ», ասաց Թումասյանը:

Նա միաժամանակ նշեց, որ ընտրական գործընթացների նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում սոցիալապես անապահով խավը, քանի որ այս մարդիկ այլ գործ չունեն: Ընդ որում, սոցիալապես անապահովները բաժանվում են երկու խմբի: Ոչ բոլորն են պատրաստ իրենց ձայնը վաճառել:

«Կամ պետք է գնան ընտրություների ու վրեժ լուծեն իշխանություններից իրենց կենսապայմանների համար, կամ էլ գնան շնորհակալություն ասելու այն անձին, ով իրենց ինչ-որ բան է տվել», հավելեց նա:

Ըստ Թումասյանի՝ ինչ վերաբերում է քաղաքում տիրող մթնոլորտին, նախորդ ընտրություններում ավելի քաղաքականացված էր Գյումրիի հասարակությունը: Նախորդ ընտրություններում նաև մարդկանց որոշ չափով պարտադրում էին քվեարկության ձևը:

«Այս անգամ ընտրողներին չես պարտադրի, արդեն չենթարկվող հասարակություն է ձևավորվել: Պարզապես եթե մեկից գումար վերցնելու հնարավորություն կա, վերցնելու են, բայց քվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին», ասաց Թումասյանը:

Հենց այս իրավիճակից ելնելով էլ կանխատեսվում է, որ իշխանությունների գործերը Գյումրիում այս անգամ ևս լավ չեն:

Ամենաընթերցվածը