Կառավարություն կներկայացվի Վանաձորի ավագանին լուծարելու դիմումը

  • Ներքին կյանք - 11 Հունվարի 2017, 12:37
Այսօր կառավարություն կներկայացվի Վանաձորի ավագանին լուծարելու դիմումը: Գործընթացը նախաձեռնել է Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը զբաղված է «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ բանակցություններով:

Կառավարություն ներկայացվելիք դիմումը, բացի «Լուսավոր Հայաստանից», պետք է ստորագրեն նաև այս ուժերը:

Էդմոն Մարուքյանը Lragir.am-ին ասաց, որ հանդիպելու են ԲՀԿ և ՀՎԿ ներկայացուցիչների հետ, կստորագրեն դիմումն ու կուղարկեն կառավարություն:

Ավելի վաղ տեղեկություն էր եղել, որ «Հայկական վերածնունդ»-ի ներկայացուցիչները չեն ստորագրում դիմումը: Էդմոն Մարուքյանը, սակայն, հերքեց տեղեկությունը:

«Պայմանավորված ենք, Մհեր Շահգելդյանը գալու է, որ ստորագրի»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Վանաձորի նորընտիր ավագանին փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետի ընտրություն էր անցկացրել և ընտրել Մամիկոն Ասլանյանին: Քանի որ «Լուսավոր Հայաստան»-ը ավագանիում մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ ձայներ չէր հավաքել, «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդն» ու «Բարգավաճ Հայաստանը» պայմանավորվել էին քաղաքապետ ընտրել ԼՀԿ թեկնածու Քրիստ Մարուքյանին:

Բայց պայմանավորվածությունը խախտվել էր: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ունեին 15 ձայն, սակայն Մամիկոն Ասլանյանի օգտին 19 մարդ էր քվեարկել: Դրանից հետո ավագանու ընդդիմադիր հատվածը բոյկոտել է ավագանու նիստերը, քվորում չլինելու պատճառով ավելի քան երեք ամիս նիստեր չեն գումարվել:

Ընդդիմադիրները գտնում են, որ այս դեպքում կառավարությունն օրենքով իրավունք ունի լուծարել Վանաձորի ավագանին և նոր ընտրություն նշանակել: