Սերժ Սարգսյանը գտել է «հին ոգու» տեղը

    • Ներքին կյանք - 11 Հունվարի 2017, 09:25
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը նշանակվել է Երեւանի ՋԷԿ տնօրեն, հայտնում է armtimes.com-ը: Նշանակումը հաստատել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը: Կայքը գրում է, որ մնում է կռահել, թե ինչի հետ է կապված այդ նշանակումը:

Հունվարի 3-ին Սյունիքի մարզում տեղի է ունեցել ՀՀԿ տարածքային կառույցի նիստ, որի ընթացքում փոխվել է այդ կառույցի ղեկավարը եւ Սուրիկ Խաչատրյանին, որը այսպես ասած հրաժարական է տվել, ՀՀԿ տարածքային կառույցի կամ «ռայկոմի» ղեկավարի պաշտոնում փոխարինել է մոտ երեք ամիս առաջ մարզպետի պաշտոնում նրան փոխարինած Վահե Հակոբյանը:

Այն, որ փոխարինումը եղել է հունվարի 3-ի տոնական եռուզեռի օրերին, վկայում է, որ եղել է հրատապ անհրաժեշտություն եւ պարզապես չեն համբերել մինչեւ տոնական օրերի ավարտ: Ինչով է թելադրված եղել այդ անհրաժեշտությունը, դեռեւս պարզ չէ: Բայց, միաժամանակ հստակ է նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում իշխանությունից հեռանում է հենց ՀՀԿ տարածքային կառույցից հեռանալով, իսկ մարզպետի պաշտոնից հեռանալը միայն տեխնիկական հարց էր՝ քանի դեռ նա շարունակում էր լինել կուսակցական տարածքային կառույցի ղեկավար:

Այժմ փաստորեն Խաչատրյանը հեռանում է այսպես ասած փաթեթային տաբերակով: Առավել եւս, որ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չէր բացառել տարբերակը, որ Սուրիկ Խաչատրյանը հեռանա նաեւ ՀՀԿ Խորհրդի անդամությունից: Շրջանառվում են տարբեր վարկածներ, թույլ տված ֆինանսական լուրջ չարաշահումներից մինչեւ առողջական խնդիր: Բոլոր դեպքերում կարծես թե Սուրիկ Խաչատրյանը առաջինն է ՀՀԿ «հին ոգուց», որ հեռանում է «ամբողջական»: Ինչպես հայտնի է, հինը նոր ոգով փոխելու խնդիրը դրել էր Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին, երբ Կարեն Կարապետյանին ներկայացնում էր ՀՀԿ Խորհդին: Սարգսյանը հայտարարեց, որ նրա հետ երկար է զրուցել տարբեր թեմաների մասին, այդ թվում ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու:

Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակումից կարճ ժամանակ անց էլ տեղեկություն եղավ, թե նա բարձրացնում է Սուրիկ Խաչատրյանին հեռացնելու հարցը, հաշվի առնելով նրա օդիոզ ու աղմկոտ կերպարը, այսես ասած «հին ոգու» խորհրդանիշներից մեկը լինելու, հանրային խիստ վատ համբավ ունենալու հանգամանքը: Սուրիկ Խաչատրյանը հեռացվեց մարզպետի պաշտոնից, իսկ երեք ամիս անց նաեւ կուսակցական կառույցի ղեկավարի պաշտոնից:

Եվ ահա պարզվում է, որ նրա եղբայրն է ստացել պաշտոն, իհարկե ոչ կուսակցական եւ ոչ էլ կառավարական, այլ Երեւանի ՋԷԿ տնօրենի պաշտոնը, թեեւ ՋԷԿ-ը պատկանում է կառավարությանը:

Ըստ ամենայնի, դա Սուրիկ Խաչատրյանին տրվող փոխհատուցումն է հեռանալու համար, մխիթարական մրցանակ, յուրօրինակ պարգեւ: Հավանաբար հոժարական հեռանալու դիմաց, առավել եւս, որ Սերժ Սարգսյանը իր ելույթներից մեկում ակնարկել էր նաեւ այդ մասին, խոսելով վարչապետ Հովիկ Արահամյանի հրաժարականի մասին եւ առաքինություն, արժանիք համարելով ինքնակամ հեռանալու համարձակությունն ու քայլը:

Այդպիսով, տեղի է ունենում հետաքրքիր գործընթաց՝ ՀՀԿ-ն «ռեինկարնացիա» է ապրում, եւ «հին ոգին» պարզապես պետական եւ կուսակցական կառավարման համակարգից անցնում է պետական գույքի կառավարման համակարգ, այսպես ասած «երկրորդ գիծ»՝ եւ երկրորդ դեմքով:

Հավանավար փորձարկվում է այդօրինակ մեխանիզմ, եւ «հին ոգու» ներկայացուցիչներից կամովին հեռացողները եղբոր, որդու, կամ եղբորորդու, այլ հարազատ երկրորդ դեմքի տեսքով փոխհատուցում կստանան պետական որեւէ գույքի կառավարչի պաշտոնի տեսքով:

Դա ներիշխանական արդարության եւ բարոյականության սկզբունքն է, որովհետեւ «հին ոգին» «նոր ոգով» փոխարինելու խնդիրը դրված է ոչ թե այն բանի համար, որ այդպես է պետք պետության անվտանգությանն ու հանրային շահին, այլ որովհետեւ այդպես է պետք իշխանության շահի ու անվտանգության համար, հետեւաբար «հին ոգին» գնում է հանուն իշխանության, ոչ թե հանուն հայրենիքի:

Ամենաընթերցվածը