Ինչպիսի ընտրություն է սպասվում ապրիլի 2-ին

    • Ներքին կյանք - 10 Հունվարի 2017, 14:45
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների միջոցառումների ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55 և ոչ ուշ, քան 45 օր առաջ: Այսինքն՝ գրանցման փաստաթղթերը պետք է ներկայացվեն փետրվարի 6-16-ը: 

Այս գործընթացի համար մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, իսկ հայաստանյան քաղաքական ուժերի մեծ մասը ընտրություններին մասնակցելու ձևաչափերի, ընդհանրապես մասնակցել-չմասնակցելու մասին հստակ հայտարարություններ չեն արել:

Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նկատում է, որ քաղաքական ուժերն անորոշության մեջ են: Նրա խոսքով՝ իշխանությունների մասով որոշակի հստակություն կա՝ ՀՀԿ-ն կարծես առանձին է գնում ընտրություններին, անկախ նրանից, թե ով է ղեկավարելու կուսակցության նախընտրական ցուցակը: Իսկ մյուս կուսակցությունները, նրա խոսքով, դեռևս իրար հետ բանակցում են, բայց անհասկանալի է, թե ինչի շուրջ:

Ըստ մասնագետի՝ խիստ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում այս փուլում, քանի որ կուսակցությունների մեծ մասն ուղղակի դե յուրե գործող ուժեր են, դե ֆակտո բազմաթիվ կուսակցություններ չկան:

«Կուսակցությունների մեծ մասն ընտրողներին հիշում են ընդամենը քվեարկությունից մեկ կամ երկու ամիս առաջ: Այդ կուսակցությունների 90 տոկոսը 5 տարի ոչինչ չեն արել և հիմա չունեն համապատասխան ռեսուրս, անգամ մարդկային ռեսուրս չունեն, որպեսզի այդ ռեյտինգային ցուցակներում լինեն, դրա համար փորձում են դաշինքներ ստեղծել, որպեսզի կարողանան գոնե կազմակերպչական մաս ապահովել:

Ամենակարևորը, կուսակցությունների մեծ մասը նույնիսկ չունեն տեսլական, թե Հայաստանն ինչպես պետք է զարգանա: Նրանք միշտ տրաֆարետային արտահայտություններ են անում՝ պետք է լինի ժողովրդավարություն, մենաշնորհներ չպետք է լինեն, բայց նրանց մեծ մասն այս հինգ տարվա ընթացքում ցույց չեն տվել, որ դրա ջատագովներն են: Այսինքն՝ բացի մարդկային ռեսուրսի խնդրից, այս կուսակցությունները նաև ներկայանալու, ֆինանսական խնդիրներ ունեն»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց նա:

Եվ այս բոլոր խնդիրները հաշվի առնելով, կուսակցությունների մի մասն, ըստ Բադալյանի, փորձում են վերջին երկու ամիսներին հապշտապ գործողություններ անել, որպեսզի մասնակցեն ընտրություններին: Իսկ այս ուժերն ամեն գնով փորձում են մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որովհետև որ ուժը չմտավ խորհրդարան, երկար ժամանակ կարող է քաղաքական ապագա չունենալ:

Մասնագետի խոսքով՝ այս ընտրությունների ժամանակ խնդիրը միայնակ ու դաշինքով մասակցելը չէ, խնդիրը հստակություն մտցնելն է: Այսինքն՝ անցած հինգ տարիներին քաղաքական ուժերը պետք է ցույց տային, թե արտաքին քաղաքական որ վեկտորի կողմնակիցներ են: Նրանք պետք է աշխատանքներ տանեին ռեսուրսներ ստեղծելու ուղղությամբ , որպեսզի հանրությունն այսօր վստահեր այդ ուժերին: Շատերը դա չեն արել, այդ պատճառով էլ դաշինքներով են փորձում փոխհատուցել այն բացերը, որոնք ունեն, բայց դա հաջողություն չի բերում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, մասնագետը նշեց, որ դիտարկումները ցույց են տալիս՝ ՀՀԿ-ի վարկանիշը մեծ չէ, բայց դա չի նշանակում, թե մյուս ուժերի վարկանիշը բարձր է:

Նա չի կարծում, թե ՀՀԿ-ն այս ընտրություններում վարչական ռեսուրս կօգտագործի, որովհետև դա այսօր այնքան էլ արդյունավետ չէ: «Հիմա աշխատում է փողի ռեսուրսը միայն: Ենթադրում եմ, որ ոչ միայն ՀՀԿ-ն, այլ ուժեր ևս փողի ռեսուրսը կկիրառեն: Բայց այստեղ այլ հարց էլ կա, երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, հասարակության մոտ որոշակի ակնկալիքներ առաջացրեց: Սա նույնպես ՀՀԿ-ի կողմից կօգտագործվի նախընտրական արշավի ժամանակ: Եվ այդ ակնկալիքներից ելնելով՝ հասարակության մի մասն իրոք կգնա և ՀՀԿ-ի օգտին կքվեարկի՝ հաշվի առնելով վարչապետի գործոնը», նշեց նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նույնպես մեծ կլինի արտաքին գործոնը, հատկապես Ռուսաստանի դերակատարությունը:

«Այս ընտրությունների ամենակարևոր հարցն այն է, որ միանշանակ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ չեն լինելու, ինչքան էլ իշխանությունները խոստացել են: Դրանք անցկացվելու են այնպես, ինչպես նախկինում են անցկացվել, միգուցե մի քիչ ավելի չերևացող լինեն խախտումները: Երկրորդ, բավական ակտիվ է լինելու արտաքին քաղաքական, հատկապես ռուսական ազդեցությունը, որովհետև Թրամփի ընտրվելուց հետո ԱՄՆ նոր ղեկավարությունն այլևս դեմոկրատիան աշխարհով մեկ տարածելու քաղաքականությունից հրաժարվել է: Արևմուտքից Հայաստանի ընտրությունների վերաբերյալ ավելի ուշադիր վերաբերմունք կցուցաբերի Եվրամիությունը: Իսկ Ռուսաստանի ազդեցությունը, բնականաբար, լինելու է, որովհետև Ռուսաստանը չի կարող համակերպվել այն գաղափարի հետ, որ այստեղ ով ուզի՝ կարող է ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով գալ իշխանության գլուխ, որովհետև այստեղ այդ երկիրն ունի և ռազմական, և քաղաքական շահեր», ասաց Բադալյանը: