Պատերազմի ձգձգման պատճառը

  • Ներքին կյանք - 09 Հունվարի 2017, 11:19
Ընդհանրապես, պետության գոյությանը սպառնում է ոչ թե պատերազմը, այլ ազգային իդեալի բացակայությունը, ապաքաղաքական-հակամշակութային մտածողությունը (ստրկամտությունը), կասկածը, թե ինքնուրույն չես կարող ապրել, և վախը, թե առանց օտար-հզոր կայսրի, սուլթանի, ցարի հովանավորության կմեռնես: Այս տեսակետից խաղաղության թեմայով տարեվերջին աշխուժացած քննարկումները սկզբունքորեն սխալ հիմք վրա են: Ուստի լավ կլիներ հիշել, թե ինչն ինչոց է:

1985թ.ին Ռեյկյավիկում կնքված համաձայնությամբ արձանագրվեց Խորհրդային կայսրության պարտությունը Սառը պատերազմում. Սովետը պարտավորվեց առաջնորդվել ժողովրդավարական արժեքներով, բռնություն չկիրառել ժողովրդավարացման գործընթացների վրա: Խորհրդային բռնզավթման ենթարկված ժողովուրդները (այդ թվում՝ մենք) իրավունք ստացան ազատության հարց բարձրացնել: Ռեյկյավիկից հետո ակնհայտ էր, որ Չարիքի կայսրությունը (ԽՍՀՄ-ը՝ Ռոնալդ Ռեյգանի բնորոշմամբ) կործանվելու էր, կորցնելու էր համաշխարհային ազդեցությունը, իսկ բռնազավթված երկրներն անկախանալու էին: Այս օրինաչափ ընթացքը նախապես հաշվարկելով՝ օրակարգ բերվեց Արցախը Հայաստանին միավորելու հարցը:

Կարծիք կա, թե Ղարաբաղյան շարժումը ուղղորդվել է դրսից: Ինչքան էլ դավադրության տեսություն փնտրենք, այնուամենայնիվ, Շարժումը նաիվ նպատակ ուներ՝ կրկնակի բռնազավթված Ղարաբաղը միավորել բռնազավթված Հայաստանին: Նույնիսկ 1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ընդունեցին վերամիավորման որոշում, որպեսզի միասին դուրս գան ԽՍՀՄ կազմից: Սակայն շատ չանցած ընտրվեց պլան «Բ»-ն, ըստ որի՝ անկախ և ժողովրդավար Արցախը միավորվելու էր անկախ և ժողովրդավար Հայաստանին: Սա քաղաքական առումով իրատեսական էր: Եվ այն իրագործելու համար զինվորի քաջություն էր պետք, որի պակաս չկար: Եվ սկսվեց Արցախյան պատերազմը:

1994-ի զինադադարից հետո կատարվեց սկզբունքային և ճակատագրական սխալ: 1995թ մարտի 16-ին Հայաստանում տեղակայվեց ռուսական ռազմակայան: Անկախությունից հետընթացը շարունակվեց հաջորդ տարիներին: Իսկ ԵԱՏՄ կոչվող միավորմանը մաս կազմելուց հետո Հայաստանը նաև իրավական առումով նահանջեց անկախությունից: Այս հետընթացն է Արցախի և Հայաստանի վերջնական (իրավական առումով հաստատված, խաղաղության պայմանագրով կնքված) միավորման ձգձգման իրական պատճառը, որովհետև Արցախը (ազատագրված շրջաններով հանդերձ կամ առանց) կարող է միավորվել միայն անկախ Հայաստանին:

Եթե Հայաստանն ընտրում է անկախությունից փախչելու և ռուսական գաղութ դառնալու խայտառակ ուղին, ապա պարզ չէ՞, որ միավորման ծրագիրը օբյեկտիվորեն ի չիք է դառնում: Արցախի միավորումը ապագա ռուսական գաղութի հետ ներկայում օբյեկտիվորեն հնարավոր չէ: Ու չի կարելի այս պարզ ճշմարտությունն անտեսելով խոսել բանակցությունների և խաղաղության մասին: Առավել ևս չի կարելի բռնազավթված Հայաստանին բռնազավթված Արցախը միավորելու ծրագրի չափանիշներով մտածել, որովհետև գլոբալ առումով այդպիսի ծրագիր չի էլ եղել:

Ուրեմն, խաղաղությունն իրապես մոտեցնելու և Արցախը Հայաստանին իրավականորեն միավորելու համար պահանջվում է մեկ բան՝ ամրացնել Հայաստանի անկախությունը: Իսկ դրա համար պետք է դուրս հրավիրել ռուսական զինվորներին, չեղարկել ապօրինի-հակահայկական պայմանագրերը, անցկացնել լյուստրացիա, դուրս բերել Հայաստանը ԵԱՏՄ կոչվող հակաքաղաքակրթական փոսից, ազատվել Ռուսաստանի տնտեսական շանտաժներից, ինչպես նաև՝ ազատ արձակել ժողովրդի ազատության նվիրյալ պարոն Շանթ Հարությունյանին և մյուս ռազմագերիներին:

Սոս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երիտասարդ պահպանողականների միության համանախագահ

Ամենաընթերցվածը