Նախարարն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են գերմաներենի զարգացման հարցը

  • Ներքին կյանք - 02 Դեկտեմբերի 2016, 10:31
ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային ծրագրերի և կառույցների ներկայացուցիչները:

«Թերևս տեղյակ եք, որ մեր նախարարությունը նախաձեռնել է Հայաստանում օտար լեզուների դասավանդման և զարգացման հայեցակարգի մշակման գործընթացը և այս համատեքստում մեզ համար շատ կարևոր և ողջունելի է Գերմանիայի դեսպանատան կողմից Հայաստանի ուսումնական հաստատություններում գերմաներեն լեզվի դասավանդման և զարգացման խնդրի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունն ու աջակցությունը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը հայտնել է գերմանական կողմի պատրաստակամությունը` Հայաստանի կրթական հաստատություններում գերմաներեն լեզվի դասավանդման զարգացման վերաբերյալ:

Դեսպան Քիսլերը տեղեկացրել է, որ Հայաստանում գերմաներեն լեզվի դասավանդման և զարգացման խնդիրները քննարկման առարկա են դարձել նաև Գերմանիայում և որոշում է կայացվել համախմբել Հայաստանում գործող կրթամշակութային ծրագրերի և կառույցների ջանքերը այդ նպատակի իրականացման համար:

Նախարարը բարձր է գնահատել գերմանական կողմի առանձնահատուկ վերաբերմունքը կրթության ոլորտի համագործակցության հարցերին, ինչի վկայությունն է հանդիպման ներկայացուցչական կազմը: Հանդիպմանը ներկա ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան պատասխանատուները, ԳԱՓԾ (Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/), Արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի, Գյոթեի ինստիտուտի, Գերմաներեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման կենտրոնի /ZFA),Գերմանիայի ժողովրդական ինստիտուտների միավորման հայաստանյան ներկայացուցիչները ներկայացրել են մեր երկրում իրականացվող ծրագրերը և դրանց զարգացմանն ուղղված հնարավոր ուղիները:

Ամենաընթերցվածը