Ի՞նչ լուծում կստանա հաշմանդամ օդաչուների խնդիրը

  • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 17:05
Հաշմանդամություն ձեռք բերած օդաչուները, ովքեր պահանջում են իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում և շարունակում են բողոքի ակցիաները, այսօր կառավարության մոտ լրագրողներին ասացին, որ դրական լուծումների սպասելիքներ ունեն, քանի որ, բացի կառավարությունից, նախագահի աշխատակազմն էլ է սկսել զբաղվել իրենց խնդիրներով:

Օրերս օդաչուները գնացել էին Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ՝ նրան հանդիպելու ակնկալիքով: Պատմեցին, որ հանդիպում չի եղել: Նրանք նշեցին, որ ընդամենը չորս տող էին գրել իրենց խնդրի մասին, ցանկանում էին այդ գրությունը փոխանցել Սերժ Սարգսյանին: Բայց անվտանգության աշխատակիցների պատճառով, ըստ օդաչուների, Սերժ Սարգսյանը չի նկատել իրենց ու չի կանգնել:

«Դրական լուծում չկա դեռ, բայց միտումներ ու խոստումներ կան: Նախագահականից մարդ էր եկել մեզ մոտ, նամակները փոխանցել ենք և այսօր սերտ աշխատում ենք»,- ասաց օդաչուներից Ջիվան Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ աշխատանքի ընթացքում հաշմանդամություն ստացած օդաչուները դեռևս 10 տարի առաջ «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից ստանում էին առողջության վնասի փոխհատուցում: «Հայկական ավիաուղիներ»-ը 2006 թվականին լուծարվել է, իսկ դրանից հետո այդ գումարի վճարման պարտավորությունը ստանձնել էր Հայաստանի կառավարությունը: Սակայն մինչ օրս կառավարության կողմից վճարում չի կատարվել:

Ի դեպ, օդաչուներն ընդգծում են, որ իրենց խնդրի լուծման հարցում մեծ է լրագրողների լուսաբանման դերը, քանի որ վերջին ամիսներին խնդրին հանրային հնչեղություն է տրվել:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը