Նաիրիտցիները զարմացած են, թե ինչո՞ւ է հենց հիմա գործարանը սնանկ ճանաչվելու վճիռ կայացվում

    • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 16:58
«Մեզ համար զարմանալի է այս գաղտնիությունն ու հապճեպությունը: Ինչո՞ւ հանկարծ որոշեցին հունվարի 25-ից նիստը տեղափոխել նոյեմբերի 28-ին ու Նաիրիտը սնանկ ճանաչեցին»,- նման հարցադրում են անում Նաիրիտ գործարանի աշխատակիցները, ովքեր այսօր դարձյալ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Նաիրիտ գործարանը սնանկ է ճանաչվել ՀԷՑ-ին ունեցած պարտքի գործով: Դատական նիստը պետք է տեղի ունենար հունվարի 25-ին, բայց գործընթացն արագացվել է, և նոյեմբերի 28-ին վճիռ է կայացվել:

Նաիրիտցիները զարմացած են, թե ինչո՞ւ է հենց հիմա գործարանը սնանկ ճանաչվելու վճիռ կայացվում, երբ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մրցույթ է հայտարարել և մինչև հունվարի 20-ը գործարանի վերագործարկման առաջարկներ է ընդունելու:

«Մենք չենք հավատում, որ այս գատնիության հիմքում ինչ-որ լավ բան է ընկած:

Այդ դեպքում ներդրումների հետ կապված ծրագրեր ներկայացնելն ինչի՞ համար է»,- հարցադրում են անում գործարանի աշխատակիցները:

Նրանք նշեցին, որ նախարարը նախորդ հինգշաբթի իրենց ասել է, թե գործարանի 100 տոկոս սեփականատերը կառավարությունն է: Այս վճիռը բողոքարկելու համար, ըստ նաիրիտցիների, 15 օր ժամանակ կա, բայց կառավարությունից ասում են, թե հայցը բողոքարկելու իրավունք ունի միայն տնօրենների խորհուրդը:

«Ասում են՝ գույքը վաճառել-չվաճառելու հարցն էլ պետք է որոշի տնօրենների խորհուրդը: Բայց մենք կարծում ենք, որ պետք է բողոքարկի կառավարությունը, որովհետև սեփականատերը կառավարությունն է, ինչպես իրենք են ասում»,- նշում են նրանք:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը