«Աշտարակ կաթը» առողջացման նոր ծրագիր ունի

  • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 15:41
Ծրագիրը ներկայացվել է նախարար Սուրեն Կարայանին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է գործարար Արտակ Ասատրյանի և «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանի հետ:

Մինչ այս փուլը  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում քննարկվել էին այն քայլերը, որոնք անհրաժեշտ են առողջացման գործընթացում ներգարվված կազմակերպության բնականոն գործունեության համար:

Սուրեն Կարայանն իր ներածական խոսքում ասել է. «Մի շարք քննարկումներ ենք ունեցել «Աշտարակ կաթ» ընկերության շուրջ առաջացած խնդիրների լուծման նպատակով: Հիմա հասել ենք խնդրի հանգուցալուծման փուլին: Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ի՞նչ հունով է շարունակելու աշխատել ընկերությունը, ի՞նչ աշխատատեղեր են պահպանվելու, ինչպե՞ս են մարվելու գյուղացիների պարտքերը: Մեր նախկին քննարկումների ժամանակ մոտեցումներ ենք ամագրել: Այսօր դրանք կբերվեն վերջնական տեսքի»:

Ավելի ուշ լրագրողների հետ կայացած զրույցում նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կազմակերպությունը մի շարք բանակցություններ է ունեցել նախկին սեփականատերերի հետ:  Ըստ փոխնախարարի` ամենակարևոր խնդիրներն այս փուլում հետևյալն են` ընկերության երբեմնի դիրքի վերականգնում շուկայում, գյուղացիների արտադրանքի կայուն գնումներ և աշխատատեղերի պահպանում:

Ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը վստահեցրել է, որ ընկերության արտադրանքն արդեն իսկ 3 օր է` շուկայում է: Առողջացման ծրագրի շրջանակներում ընկերությունը փորձելու է անել առավելագույնը` չկորցնելու իր գնորդին: Արտակ Ավագյանը տեղեկացրել է նաև, որ պարտքերի մարման շուրջ առանձին բանակցություններ են ընթանում գյուղմթերողների հետ:

Ամենաընթերցվածը