Ջերմուկն ու քաղաքի բնակիչները կապահովագրվեն. նախարար

    • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 15:16
Ամուլսարի հանքավայրի համար կներդրվի բնապահպանական ապահովագրության համակարգը, կառավարության այսզօրվա նիստից հետո լրագրողներին ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նա անդրադարձավ հասարակության ու բնապահպանների բողոքներին:

«Երբ նախարարից պահանջում են փորձաքննության եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել, դրա հանար օրենքը նախատեսում է հիմքեր: Ես խնդրել եմ՝ տվեք հիմքերը: Քանի դեռ չկան հիմքերը, որևէ նման թեմա քննարկել նշանակում է վտանգել ցանկացած ծրագիր:

Այս ծրագրի վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն ու քննադատություն ես խնդրել եմ, որ զուգահեռ ուղեկցվի այլընտրանքային ծրագրով, այդ թվում՝ բնապահպանության բոլոր խնդիրները նկատի առնելով: Ես գտնում եմ, որ ցանկացած բնապահպանական հետևանք պետք է ապահովագրված լինի: Այդպիսի համակարգ Ամուլսարի պարագայում մենք ունենք: Այսինքն ՝ մեզ ասվել է, որ կա: Հիմա ես խնդրել եմ իրենց, որպեսզի ապահովագրման ամբողջական համակարգը մանրամասն հրապարակվի, այդ թվում՝ նաև հասարակական կազմակերպությունների ու լրագրողների մասնակցությամբ»,- ասաց Մինասյանը:

Նա նշեց, որ ըստ այդմ՝ հանքավայրը շահագործողները ցանկացած ռիսկ ու հետևանք ապահովագրելու են:

«Ի՞նչն է ապահովագրվելու՝ ապահովագրվելու է երրորդ անձանց պատճառված ցանկացած վնասը: Երրորդ անձ կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը, պետությունը: Ջերմուկը՝ որպես համայնք ապահովագրվում է, Ջերմուկի բնակիչները՝ որպես քաղաքացիներ, նրանց պատճառված վնասը ապահովագրվում է»,- մանրամասնեց նախարարը:

Հարցին, թե մյուս հանքավայրերի մասով գործո՞ւմ է ապահովագրություն, Արծվիկ Միանսյանը պատասխանեց. «Ես հատուկ ուշադրության տակ չեմ վերցրել մյուս հանքերը, բայց որպես բնապահպանության մեջ նոր մոտեցում՝ մենք առաջ ենք քաշել բնապահպանական ռիսկերի ամբողջական ապահովագրման՝ օրենքով երաշխավորման համակարգի ներդրումը: Հիմա այս դեպքում ինձ փոխանցել են, որ իրենք ունեն այդպիսի համակարգ»:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը