Թուրքական լոլիկն ըստ օրենքի պետք է մաքսազերծվի 507 դրամով, բայց վաճառվում է 500 դրամով

  • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 14:15

«Մենք աշխատում ենք Հայաստանում լոլիկ ու վարունգ արտադրող ջերմատների հետ և այսօր կտեղեկանցնենք, թե ինչ արդյունքների ենք հասել»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով լոլիկի շուկայում ստեղծված իրավիճակին:

Տևական ժամանակ է ջերմատներ ունեցող ֆերմերներն ահազանգում են, որ Հայաստան ներկրված թուրքական լոլիկը «խփում է» հայ արտադրողներին գործին, «Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանը հայտարարել էր, որ մեկ կիլոգրամ թուրքական լոլիկն ըստ օրենքի պետք է մաքսազերծվի 507 դրամով, բայց այն հայաստանյան շուկայում վաճառվում է 500 դրամով: Հայկական լոլիկը խանութներում վաճառվում է 600 դրամով, այսինքն՝ թուրքականի նկատմամբ դուրս է մնում մրցակցությունից:

«Բոլոր պետական մարմիններն այսօր աշխատում են, որ այդ հարցը պարզաբանեն: Եթե դա օրենքից դուրս է, պետք է կարգավորվի օրենքի սահմաններում: ՊԵԿ-ի ղեկավարի հետ խոսել եմ, հանձնարարություն է տվել մաքսանենգության հարցով վարչության պետին, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնի, թե կա՞ այդպիսի բան»,- ասաց Իգնատի Առաքելյանը:

Նա միաժամանակ նշեց, որ եթե Թուրքիայից լոլիկը օրինական է ներմուծվում Հայաստան, ոչինչ չեն կարող անել, ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում:

Մանրամասները տեսանյութում

Ամենաընթերցվածը