«Բոլորը պետք է հարստանան, բայց օրենքի սահմաններում»

  • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 13:57
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո Lragir.am-ի հարցին ի պատասխան անդրադարձավ պարարտանյութերի շուկայում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայտնաբերած խախտումներին:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ 4 տարի շարունակ՝ 2012-2016 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարար է հանդիսացել «Մասիսի Բերրիություն» ընկերությունը: Ընդ որում, վերջինս գյուղատնտեսության նախարարության կողմից ընտրվել է առանց մրցույթի հայտարարման, ինչը նշանակում է, որ այլ ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս ծրագրին: Այնինչ, պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող էր խնայել ավելի քան 1.5 միլիարդ դրամ:

«Դիմեք համապատասխան ուսումնասիրություն կատարող ընկերությանը: Ես չեմ գնահատողը», մեր հարցին ի պատասխան ասաց գյուղատնտեսության նախարարը:

Դիտարկմանը, թե փաստացի նախորդ կառավարությունների օրոք այս ոլորտում մրցույթներ չեն անցկացվել, խախտումներ են եղել, ինչպե՞ս է ինչքը գնահատում դա, նախարարը պատասխանեց. «Ես գնահատողը չեմ, վերլուծողը չեմ: 2016 թվականին եղել է մրցույթ, նախորդ տարիներին եղել է կառավարության որոշում, թե ոնց պետք է անցկացվի: Հիմա մտածում ենք, թե հաջորդ տարվա համար ինչ ենք անելու, ոնց ենք անելու: Բայց իմ տրամադրությունը միանշանակ ուղղված է նրան, որպեսզի շուկան բացենք և ընդհանրապես պարարտանյութի սուբսիդավորում չանենք: Այսինքն՝ պետք է թույլ տանք ով ուզում է, բերի: Մենք հիմա բանակցում ենք բոլոր ցանկացողների հետ՝ հասկանալու համար, թե ինչ գնային ազդեցություն կտա շուկայում»:

Նախարարը նշեց, որ ֆերմերի համար պարարտանյութը չպետք է թանկանա:

Հարցին, թե իր կոլեգաներից չի՞ հետաքրքրվել՝ ինչո՞ւ է նախկինում առանց մրցույթի կազմակերպվել գործընթացը, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ես հիմա այնքան բան ունեմ անելու, որ հիմա հարցնեմ, թե ինչու է նախկինում նման բան եղել, ժամանակը չունեմ»:

Դիտարկմանը, որ միգուցե նմանօրինակ ընկերությունների թիկունքում կանգած պաշտոնատար անձինք են օգտվել դրանից ու հարստացել, նա պատասխանեց. «Ով ձեզ ասել է, նրա հետ խոսեք»:

Իգնատի Առաքելյանը նաև խոստացավ, որ իր ոլորտում այնպես կանի, որ հետագայում բյուջեի միջոցներն անարդյունավետ չծախսվեն:

«Մեր գերատեսչության, գյուղանախարարության մասով, այո, կարող եմ ասել: Ինչ վարաբերում է նրան, որ որոշ մարդիկ հարստանան, ես չեմ կարող հարստանալու դեմ քայլ անել, հակառակը, բոլորը պետք է հարստանան, բայց դա պետք է լինի օրենքի սահմաններում և թափանցիկ»:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը