Դեղերի շուկայում վերահսկողությունը խստացվելու է. վարչապետ

  • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 12:28
Դեղերի շուկայում պետք է վերահսկողությունը խստացվի, իսկ բուժհաստատությունները պետք է որակյալ ծառայություններ մատուցեն, կառավարության այսօրվա նիստում նման հանձնարարություն տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա՝ հանձնարարում եմ ՀՀ առողջապահության նախարարին երկշբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն և կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը»,- հանձնարարեց վարչապետը:

Նա անդրադարձավ նաև բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակին ու հանձնարարականներ տվեց: Բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում վստահության բարձրացման, հարգանքի ու հոգատարության մթնոլորտ ձևավորելու, իրազեկվածության մակարդակը բարելավելու նպատակով առողջապահության նախարարին հանձնարարվեց, առաջինը, մշակել և 20-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով կկարգավորվի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասախանատվության ենթարկելու հարաբերությունները:

Երկրորդ, եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնել առաջարկ՝ պետպատվեր իրականացնող հաստատություններում բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ: «Գնահատման արդյունքների հիման վրա պետք է դիտարկել բուժաշխատողների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու հնարավորության հարցը»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Ամենաընթերցվածը