Կառավարությունը ցանկանում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ստեղծել

  • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 12:04
Կառավարությունը մտադիր է ստեղծել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ կենտրոնը լինելու է կառավարությանը կից և գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով:

Այս կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի և փաթեթների մշակումը՝ մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով:

«Տեղեկացնեմ, որ այդ հարթակը մենք մի քանի անգամ օգտագործել ենք, եղել են բազմաթիվ քննարկումներ: Կենտրոնը կհիմնադրվի և իր գործունեությունը կսկսի մինչև տարեվերջ: Միաժամանակ, տարիների ընթացքում տարբեր պետական մարմինների կողմից խորհրդատուների օգնությամբ, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ կամ սեփական ուժերով մշակվել և կառավարության կողմից հավանության են արժանացել իրենց կառավարման ոլորտներին վերաբերող ռազմավարություններ և բարեփոխումների հայեցակարգեր: Այդ փաստաթղթերն ստացել են տարբեր անվանումներ՝ ռազմավարություն, զարգացման ծրագիր, հայեցակարգ, բարեփոխումների փաթեթ և այլն:

Իրավական տեսանկյունից գործող կարգավիճակ ունեցող ռազմավարությունների և բարեփոխումների հայեցակարգերի շարքում առկա են այնպիսիք, որոնց ուղղությամբ փաստացի աշխատանքներ այս պահին չեն իրականացվում, քանի որ դրանք կարող է չեն համապատասխանում ժամանակի հրամայականին կամ չեն համապատասխանում մեր ռեսուրսներին»,- նշեց նա:

Ելնելով դրանից՝ վարչապետը բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր նման ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը՝ կենտրոնի կողմից դրանք ամփոփելու համար: Երկրորդ, երեք շաբաթյա ժամկետում պետք է ներկայացնել այդ ռազմավարությունների և բարեփոխումների հայեցակարգերի իրագործման անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք՝ համապատասխան հիմնավորումներով:

Ամենաընթերցվածը