«11 ԾԻԳ-ից պետք է մնան 5-ը: Բոլոր կողքի կառույցները պետք է վերանան». Վարչապետ

  • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 11:37
Կառավարությունն սկսում է ԾԻԳ-երի կրճատման երկրորդ փուլը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

“ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչև այս իրականացված աշխատանքների ընթացքում կառավարության որոշումներով լուծարվեցին 5 ԾԻԳ-եր: Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են 17 նմանատիպ կառույցներ: Այնտեղ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 11 հատ ԾԻԳ է, մի քանի խմբեր են, բաժիններ, ՓԲԸ-ներ և այլն: Առաջարկում ենք մեկնարկել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը”,- ասաց վարչապետը:

Նա փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց, ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարերկրյա և միջազգային վարկատու կազմակերպությունների հետ՝ ԾԻԳ-երի քանակի, ինչպես նաև դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ:

“Առաջարկում եմ քննարկել և նվազեցնել ԾԻԳ-երի քանակը առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք՝ 11 ԾԻԳ-ից պետք է մնան 5-ը: Բոլոր կողքի կառույցները, ստորաբաժանումները, բաժինները պետք է վերանան”,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ ՓԲԸ-ներում այդ գործառույթն իրականացնող կառույցները նույնպես պետք է օպտիմալացվեն: Վարչապետն առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

Ամենաընթերցվածը