Մառախլապատ օրինագծեր

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 14:19
Ցանկացած օրենքի ընդունում ի վերջո պետք է նպաստի ՀՀ կողմից ընդունած հռչակագրային դրույթների իրականացմանը և քաղաքացիների մոտ ամրապնդի հավատը վաղվա օրվա նկատմամբ:

Այս առումով ուշագրավ է այն փաստը, որ անկախացումից հետո ԱԺ-ի կողմից ընդունած մի ամբողջ շարք օրենքներ չեն նպաստել քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը:

Ավելի հաճախ անհարկի արտոնություններ են տրվել այս կամ այն օլիգարխ իշխանավորի սեփական բիզնեսին: Արդյունքում ունենք այնպիսի իրավիճակ, երբ անհրաժեշտ է օրվա խնդիրները լուծելու համար հրատապ օրենքներ ընդունել:

Վերը հիշատակվածի վառ ապացույցն է նոյեմբերի 17-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Անժխտելի փաստ է, որ հիշյալ օրենքի նախագիծը անմշակ ձևով է բերվել ԱԺ:

Ցանկացած օրինագիծ մշակելիս իշխանությունները այն անց են կացնում չինովնիկական կաբինետներով՝ ստանում համապատասխան շահագրգիռ նախարարությունների վիզաները և հետո բերում ԱԺ՝ ստեղնաշարով անցկացնելու համար:

Վերջում այն դառնում է օրենք, որը եփվել է իշխանության խոհանոցում, բայց մատուցվում է հասարակությանը՝ պարտադիր համտես անելու համար:

Կարծում եմ, օրենքների նախագծի վրա պետք է աշխատեն նաև հոգեբանները, քանզի վերը հիշատակված օրինագիծը բերվել է ընթերցման առանց հաշվի առնելու հասարակության հոգեբանական վիճակը նման զգայուն օրինագծի նկատմամբ:

Աշխատող քաղաքացիներից ամսեկան 1000-ական դրամով բանակի հոգսը թեթևեցանելու նպատակով հասարակության սոցիալապես անբարենպաստ շերտը հայտվում է ոչ միայն ֆինանսական դժվարությունների առաջ, այլև փաստացի շեշտադրվում է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում սպասվում են նոր զոհեր և հաշմանդամներ: Սա արդեն նոր մտորման տեղիք է տալիս…:

Այս գաղափարի ներդրումը վտանգավոր է շատ առումներով՝ հասարակության մոտ կորում է անամպ երկինք ունենալու հավատը: Հիշյալ օրինագիծը առանց լուրջ և բազմակողմանի քննարկումների կարող է բերել արտագաղթի նոր ալիք:

Ինչ խոսք, անկախ ՀՀ-ի քաղաքացիների կամքից կա թշնամի և օլիգարխ գեներալիտետ: Բնականաբար այս պարագայում ծնողը պետք է բուշլաթ գնի:

Ոչ մի ծնող չի ցանկանա իշխանությունների կողմից լսել առաջիկա 20 տարիների վտանգի մասին և մնալ հայրենիքում ու այն շենացնել: Գուցե հենց այդ տրամադրվածությունն է գերիշխում մեր օլիգարխ իշխանավորների մոտ, որի արդյունքում նրանք զավակներին ուղարկում են արտերկիր:

Պետության և ՀՀ կառավարության արտաքին պարտքը փակելու բազմաթիվ արժեքավոր միջոցներ կան՝ խնայողության ռեժիմ, «Շքեղության հարկի մասին» օրենքի ընդունում, սիմվոլիկ գումարներով սեփականաշնորհված օբյեկտների վերագնահատում, իշխանությունների աննպատակ շրջագայությունների ամփոփում, մենաշնորհների դեմ պայքար, …:

Կարծում եմ, իշխանությունները շարքային քաղաքացիներից շատ ավելի քաջատեղյակ են, թե որտեղից կարելի է բերել գումարներ՝ արտաքին պարտքը և նրա սպասարկումը մեղմելու համար:

Իշխանությունները պարտավոր են այսօր հոգալ մինչ օրս զոհվածների ընտանիքներին և բանակում հաշմանդամ դարձածներին պատշաճ օգնություն կազմակերպելու առումով, և ոչ թե վաղվա օրվա վրա մռայլ տրամադրություն ձևավորել:

Գառնիկ Վաղարշակյան

Ամենաընթերցվածը