Ագրարային համալսարանը պատասխանատու առաքելություն ունի

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 12:52
Այս կարծիքը հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստում։ Բացելով խորհրդակցությունը՝ ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը նշեց, որ մեկ ամիս շարունակ համակողմանի քննարկումներ են կազմակերպվել արտադրության ներկայացուցիչների, ապա նաեւ մարզպետների հետ, հստակեցնելու համար ագրարային կրթության հետ կապված խնդիրները, ճշտելու մարզերի գյուղատնտեսական ոլորտի մասնագետների կարիքները, ինչպես նաեւ շրջանավարտներին ներկայացվող պահանջները։ Այս շփումների արդյունքում էլ ավելի ընդլայնվեցին գործատուների հետ համագործակցության եզրերը, ավելի համակարգված ու արդյունավետ դարձան։

ՀՀ ԿԳ նախարարը կարեւորեց այս հանդիպումը, քանզի մեկ ամսվա լարված, ծավալուն, մեծ աշխատանքն էին ամփոփում․ «Ամենակարեւորը աշխատաշուկան ու կրթությունը մերձեցնելն է»։ Իսկ Ագրարային համալսարանը հարուստ ու շոշափելի փորձ ունի այդ ուղղությամբ՝ համագործակցություն մարզերում՝ դպրոցների հետ, երեխաների միջոցով նաեւ ծնողների շրջանում են մասնագիտական խորհրդատվություն իրականացնում։ Նաեւ բուհում մասնագետներին են վերապատրաստում։ Չնայած այս ամենին, իսկ ավելի ճիշտ այս ամենի շնորհիվ, սպասելիքները մեծ են, նորարարական առաջարկություններ են ակնկալում գյուղատնտեսական գիտությունից, նոր հեռանկարներ․ «Կարեւոր է սակայն, որ զարգացման ծրագրերը անսխալ կազմվեն»։

Նախարարի համոզմամբ անելիքներ շատ կան միջին մասնագիտական կրթության ոլորտում։ Պետք է հստակ զատվեն այն որակները, որոնք սպասում ենք բակալավրական, մագիստրոսական աստիճաններ ունեցողներից։ Անհրաժեշտ է, որ ժամանակակից հրապույրներից զուրկ այս ասպարեզի գրավչությունը մեծանա, հանրությունը գիտակցի ոլորտի անփոխարինելի, այլընտրանք չունեցող, հիրավի մեծ դերը։

ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանն ամփոփիչ խոսքում նշեց եւս մեկ, շատ կարեւոր առաջարկի մասին, որը հնչել է գործարարների հետ հանդիպման ժամանակ. ոլորտն ապահովել բանվորական որակյալ մասնագետներով: Իսկ արդեն առաջիկա գիտխորհրդում կհաստատվի բանվորական մասնագիտությունների ցանկը: Ընդ որում, բանվորական յուրաքանչյուր ծրագրում ուսանողները հնարավորություն կունենան ստանալու իրենց ընտրած մասնագիտության արհեստագործական հմտություններ: Համալսարանում կրթական այս համակարգի ներդրումը բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն չունեցող երիտասարդներին հնարավորություն կտա մեկ տարվա ընթացքում ստանալ արհեստագործական որակավորում: Նշված կրթական ծրագիրը կարելի է իրականացնել բուհի նյութատեխնիկական բազայի շնորհիվ:

Նախարարը նաեւ պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։ Հրաժեշտից առաջ Լ․ Մկրտչյանը շեշտեց, որ Ագրարային համալսարանը միջազգային հավատարմագրում անցած, ցանցային համալսարանական կրթություն ապահովող առաջնեկներից է հանրապետությունում, որի դրական փորձն ուսանելի է մյուսների, եւ հրաշալի նախապայման է բուհի հետագա վերելքի համար։

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

Ամենաընթերցվածը