Չպետք է սաունաներում զվարճացող պատգամավորների փոխարեն քվեարկի խմբակցության ղեկավարը. Նաիրա Զոհրաբյան

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 17:53
ԱԺ արտահերթ նիստում ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ պատգամավորի փոխարեն քվեարկելու դրույթին՝ նշելով, որ չպետք է սաունաներում զվարճացող պատգամավորների փոխարեն քվեարկի խմբակցության ղեկավարը:

«Եթե մենք խմբակցության ղեկավարին տանք պատգամավորի փոխարեն քվեարկելու իրավունք, ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ ավելի վատ վիճակ ենք ունենալու հաջորդ խորհրդարանում: Ոչ այն դեպքերում դա պետք է կիրառվի, երբ ինքը վետերոկում նստած կամ սաունայում սուզված է ջրի մեջ: Այդ դեպքում չպետք է տալ իրավասությունը խմբակցության ղեկավարին իր փոխարեն քվեարկելու, այլ այն դեպքերում, երբ ինքն Ազգային ժողովի կողմից պաշտոնական որևէ գործուղման է, պետք է փակ ծրարով իր քվեարկությունը հանձնի քարտուղարությանը»,- նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եթե խորհրդարանական կառավարման համակարգ է լինելու, ապա ԱԺ փորձագիտական բազան պետք է ակնհայտորեն մեծացվի: Չկա որևէ եվրոպական երկիր, որտեղ պատգամավորն է նստում ու գրում օրենք: Պատգամավորը տալիս է գաղափարը, իսկ խորհրդարանի փորձագիտական կառույցները զբաղվում են դրանով:

«Հիմա, երբ մի խնդրի վերաբերյալ ուզում ենք ինչ-որ փորձագետի կառույցի տեսակետ հարցնել, իրենք ասում են՝ մեզ հանձնարարություն մի տվեք, մենք ընդամենը այս կամ այն օրենքի վերաբերյալ կարող ենք տալ եզրակացություն: Ինչպե՞ս են ձևավորվում ֆրակցիաների փորձագիտական խմբերը, դա էլ քննարկման առարկա է, մենք պետք է ֆիլտրեր դնենք, որովհետև շատ դեպքերում կոնկրետ խմբակցությունները, որոնք իրավասու են ձևավորել իրենց փորձագիտական բազան, պատալոկը լինում է կոֆե եփելու ունակությունը: Ես առաջարկ կանեի, որ պատգամավորների վճարովի օգնականների դեպքում ևս այդ ֆիլտրը գործեր, Ազգային ժողովը չի վճարում նրանց այն բանի համար, որ էսպրեսոն են լավ եփում, թե թուրքական սուրճը: 90 տոկոսի դեպքում էն պատգամավորները, ովքեր պիտի իրենց բիզնեսներում գումար տային էդ աղջիկներին, բերել են ԱԺ, զրո առնչություն օրենսդրական աշխատանքին»,- նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ ԲՀԿ-ն միանշանակ կողմ է այս նախագծին: