ԱԺ-ում օրինականացվում է ուրիշի փոխարեն քվեարկելը

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 16:05
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նախագծով խմբակցության ղեկավարն իրավունք ունի լիազորագրի առկայության դեպքում բացակա պատգամավորի փոխարեն քվեարկել: Այս դրույթը տարակուսանք է առաջացրել որոշ պատգամավորների մոտ:

«Ես էս հոդված 61-ը ընդհանրապես չեմ հասկանում, ո՞նց կարող է խմբակցության ղեկավարը լիազորագրի հիման վրա պատգամավորի տեղը քվեարկի: Ինչո՞ւ եք էս նորությանը գնացեl: Ո՞վ իրավունք ունի պատգամավորի տեղը քվեարկի, ինչի՞ է նման գաղափար ընդհանրապես առաջացել: Ես տպավորություն ունեմ, որ դա գալիս է, որպեսզի մեծամասնությունն իրեն երաշխիքներ ստեղծի»,- ԱԺ արտահերթ նիստում նախագծի քննարկման ժամանակ իր վրդովմունքը հայտնեց Հրանտ Բագրատյանը:

Նախագծով նաև պատգամավորին կարող են հեռացնել խմբակցությունից, եթե նա չի կիսում տվյալ կուսակցության ու խմբակցության դիրքորոշումը: Այդ դեպքում պատգամավորի լիազորությունները նվազելու են, քանի որ նա իրավունք չի ունենալու այլ խմբակցությունում ընդգրկվելու: Հրանտ Բագրատյանը դեմ է նաև այս դրույթին:

«Ոչ ոք իրավունք չունի պատգամավորին խմբակցությունից հանելու, պատգամավորն ունի կարծիք, պետք է հարգել այդ կարծիքը»,- նշեց նա:

Հարակից զեկուցող ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը պարզաբանեց. «Պատգամավորն ունի պոզիցիա, շատ է կարևորում այդ օրենքը, բայց հարգելի պատճառով է բացակայում, մասնավորապես, գործուղման մեջ է և իր փոխարեն լիազորում է խմբակցության ղեկավարին, որպեսզի նա դա անի: Բա էլ ո՞ւմ լիազորի, եթե ոչ խմբակցության ղեկավարին: Սա շահեկան է նաև ընդդիմության համար, կողմնակալ դիրքորոշում չկա»:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ դրանից վատ հոտ է գալիս: «Ես ձեզ չեմ հասկանում: վերջապես ժողովուրդն ընտրում է ձեզ, ինձ, ո՞նց կարող է նա լիազորի, ուրիշը քվեարկի: Սա չեղավ ընդհանրապես, սրանից ես ուրիշ բանի հոտ եմ առնում», ասաց Բագրատյանը: