Վատ նախադեպ ՀՀԿ-ի համար. Լուսավոր Հայաստանն ասաց ու արեց

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 15:48
Անդրադառնալով Գյումրիի և Վանաձորի ընտրություններին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Մեր երիտասարդ գործընկերն այստեղ չէ, բայց զարմանում եմ, նախընտրական փուլում երկու կայացած կուսակցությունների պլեն է վերցրել այդ մարդը՝ իր պրովոկացիաներով, իր շանտաժով: Եվ ես զարմանում եմ՝ այս կայացած քաղաքական ուժերը ո՞նց են այդ պրովոկացիաներին ենթարկվում»:

Վանաձորցի Բաղդասարյանը նկատի ունի վանաձորցի մեկ այլ պատգամավորի՝ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: Վանաձորի քաղաքապետի ընտրությունից հետո ստեղծվել է պատային իրավիճակ. Թեեւ ՀՀԿ-ին հաջողվել է խարդավանքների միջոցով հավաքել անհրաժեշտ ձայներ իր թեկնածուին քաղաքապետ դարձնելու համար, սակայն «դավաճանները» այդքանով իրենց պարտքը արված են համարել, եւ ավագանիում անհրաժեշտ քանակով անդամներ չունենալու պատճառով նոր քաղաքապետը չի կարողանում նիստեր հրավիրել:

Այս մեխանիզմի մասին ավագանու ընտրությունից հետո խոսել էին թե Լուսավոր Հայաստան կուսակցության, թե Վանաձորում նրա հետ համաձայնագիր ստորագրած Հայկական Վերածնունդի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Իսկ ավելի վաղ ԼՀ ներկայացուցիչները հայտարարել էին, թե գտել են ՀՀԿ-ին հաղթելու ձեւը:

Գտել ու արել են, իհարկե ՀՎ եւ ԲՀԿ աջակցությամբ: Եւ եթե գոնե ավագանու նիստերի բոյկոտի հարցում այս կուսակցությունները հետեւողական լինեն, ապա ՀՀԿ-ի պարտությունը Վանաձորում կդառնա լիարժեք:

Իրականում, ԼՀ-ն «պլեն չի վերցրել այս երկու կայացած կուսակցություններին», ինչպես ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Տեղի է ունեցել քաղաքական գործողություն, որը տվել է իր արդյունքը: Իսկ «պլենը» Հայաստանն է՝ ՀՀԿ-ի ձեռքին, որից ազատվելու գործողությունն էլ իրականացվել է Վանաձորում: Եվ այստեղ իր ագահության, խարդավանքների գերին դարձել է հենց ՀՀԿ-ն, որի թեկնածուն զրկվել է որեւէ լեգիտիմությունից:

Սա ՀՀԿ-ին հաղթելու բավական գործուն մեխանիզմ է, որը նոր Սահմանադրության ու ընտրակարգի պարագայում կիրառելի է նաեւ խորհրդարանական ընտրությանը: Իշխանությունը սովորաբար արագ ֆիքսում է բոլոր «անցքերն» ու կարկատում դրանք օրենքներով ու օրենսդրական ակտերով: Մասնավորապես, այդպես արագ առան քաղաքացիական անհնազանդության հնարավոր դրսեւորումներից մեկի՝ կոմունալ եւ այլ կարգի վարձերը չվճարելու դեմը, ԴԱՀԿ-ին իրավունք տալով արգելափակել քաղաքացիների հաշիվները: Հնարավոր է՝ այս դեպքի շուրջ էլ սկսեն մտածել:

Բոյկոտ կամ անհնազանդություն ՀՀԿ-ի իշխանության քայլերին՝ ահա այն լեգալ մեխանիզմներից որոշները, որոնց միջոցով կարելի է հաղթել այդ կուսակցությանը: Քաղաքացիական անհնազանդությամբ կարծես թե զբաղվում էր Նոր Հայաստան շարժումը, սակայն նրանք այդպես էլ չհաղթահարեցին իրենց մեկուսացվածությունն ու հանրությանն այդ գաղափարների ու դրանց իրագործման մեխանիզմների ընկալմանը բերելու անընդունակությունը:

Օրինակ, արժե՞ ընդհանրապես մասնակցել 2017-ի ընտրությանը: Քաղաքական ուժերն այս մասին խորհելու բան ունեն: Տեսականում, եթե ոչ ոք չմասնակցի, ապա հրաշալի պատկեր կստեղծվի. Ընտրության է գնում 157 հազար մարդ՝ ՀՀԿ անդամների քանակը, կամ մի քիչ ավելի, եւ այդպիսով լեգիտիմությունից զրկվում է ոչ միայն այդ ընտրությունը, այլեւ նոր խորհրդարանը:

Սա՝ տեսականում: Հաշվի առնելով հայկական այսպես կոչված քաղաքական կուսակցությունների բնույթը՝ նրանք ամենուր կհայհոյեն ՀՀԿ-ին, բայց գլուխները կախ կմասնակցեն նրա միջոցառումներին: Նրանք բոլորը «վանաձորյան դավաճաններ են»՝ այս կամ այն ձեւաչափում կամ մոտիվացիայով:

Սակայն չխախտենք քաղաքական կեցվածքի կանխավարկածը, առավել եւս, որ կա Վանաձորի նախադեպը: Ով ով, բայց «ոհմակը» լավ է հասկացել, թե ինչ վտանգ է դրա տակ թաքնված: Եթե դա նախադեպ դառնա քաղաքական համակարգի համար, ապա ՀՀԿ-ի իշխանությունը լուրջ վտանգի տակ կհայտնվի: Այդ պատճառով է ՀՀԿ խմբակցության ղեկավարը նյարդայնացած արձագանքել «երիտասարդ գործընկերոջ» քայլին:

Ամենաընթերցվածը