ԱԺ-ն կկարողանա վարչապետին ու կառավարության անդամներին անվստահություն հայտնել

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 13:30
Ազգային ժողովը կունենա Քննիչ հանձնաժողով ու խորհուրդ, կկարողանա վարչապետին ու կառավարության անդամներին անվստահություն հայտնել, իսկ նիստերն առանձին դեպքերում կարող են տևել մինչև 24:00-ն: Այս դրույթները ներառված են Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նախագծում, որը այսօր քննարկվում է ԱԺ արտահերթ նիստում:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց օրինագծի հիմնական դրույթները: Հիմնական ու կարևոր փոփոխությունը, ըստ նրա, նստաշրջանների և հերթական նիստերի տևողության դրույթն է: «Հերթական նիստերը նստաշրջանների ժամանակահատվածում պետք է շարունակենք քառօրյա օրակարգով: Երկուշաբթի օրը սահմանել ենք խորհրդի նիստերի օր, որտեղ խորհուրդը քննարկում է, սահմանում է օրակարգը, ձևավորում է հարցերի քննարկման ժամանակացույցը, որից հետո երեքշաբթի օրը՝ առավոտյան 10:00-ից մինչև երեկոյան 18:00-ն, անցկացվում են հերթական նիստերը: Հերթական նիստերը կարող են տևել մինչև օրակարգի սպառումը, բայց դա չի կարող տևել ավելի, քան երեք օր: Խորհուրդը կարող է նաև որոշել, որ հերթական նիստերի տվյալ նիստը շարունակվի մինչև 24:00-ն: Այս ճկուն համակարգը ներդրվել է, որպեսզի նախագծերի կուտակումներ չլինեն»,- ասաց Սահակյանը:

Նորություն է խորհուրդը, որը կոլեգիալ մարմին է լինելու, որը ձևրավորվելու է ԱԺ նախագահից, տեղակալներից, խմբակցություններից ու հանձնաժողովների անդամներից: Ընդ որում, ընդդիմությունն այստեղ դերակատարություն է ունենալու: Հովհաննես Սահակյանը նշեց, որ հիմնական ծանրաբեռնվածությունը տեղափոխվել է դեպի մշտական հանձնաժողովներ: Այսուհետ, բոլոր նախագծերը, բացի բացառություններից, քննարկվելու են մշատական հանձնաժողովներում:

«Այն մտահոգությունները, որոնք կան այսօր, որ արտահերթ նիստերի օրակարգ ընդգրկվում են այն նախագծերը, որոնք հանձնաժողովներում չեն քննարկվել, այլևս  դրանց ճանապարհը փակվել է: Սահմանվել են բացառիկ դեպքեր՝ միջազգային պայմանագրերին ու բյուջեին վերաբերող հարցերի մասով, որոնք կարող ենք առանց հանձնաժողովներում քննարկվելու արտահերթ նիստի օրակարգ ընդգրկվել: Մնացած բոլոր դեպքերում պարտադիր պետք է անցնեն մշտական հանձնաժողովներում քննարկվելու ընթացակարգը, և առնվազն 5 աշխատանքային օր առաջ պետք է ներակայացնեն արտահերթ նիստ գումարելու որոշումը, որպեսզի հանձնաժողովները կարողնան իրենց աշխատանքը կազմակերպել ու տալ եզրակացություն այդ նախագծերի վերաբերյալ»,- բացատրեց նա:

Կարևոր նորամուծություն է Քննիչ հանձնաժողովը: Սա դիտարկվում է որպես ընդդիմության գործիքակազմ: Պատգամավորների մեկ քառորդի պահանջով կարող է իրավունքի ուժով ձևավորվել Քննիչ հանձնաժողով:

«Քննիչ հանձնաժողովը դա այն հարթակն է, որտեղ հանրությանը հետաքրքրող հարցերը, որոնք ԱԺ շրջանակներում են, կարող են քննության առարկա դառնալ: Հանձնաժողովը պետք է կարողանա պահանջել տեղեկատվություն, իր նիստերին հրավիրել համապատասխան պաշտոնատար անձանց, որպեսզի ստանա բացատրություններ: Քննարկումներ են լինելու Քննիչ հանձնաժողովում, որտեղ հանձնաժողովի որոշմամբ զեկույց է պատրաստվելու, որից հետո այն ուղարկվելու է այն անձանց, որոնց գործունեությանն է վերաբերում: Եվ այդ պաշտոնատար անձինք պարտավոր են անհապաղ արձագանքել այդ զեկույցին, տալ բացատրություններ: Եթե կլինեն այնպիսի հարցեր, որոնք առերևույթ հանցակազմ կպարունակեն, ապա հանձնաժողովն ու անդամները ազատ են իրենց գործողությունների մեջ, կարող են ցանկացած հարց ուղարկել իրավապահ մարմիններին»,- ասաց Սահակյանը:

Փոփոխվել է նաև հարցապնդումներ ներկայացնելու դրույթը: Պատգամավորները կարող են հարցապնդմամբ դիմել կառավարությանը, և 30 օրվա ընթացքում կառավարության համապատասխան անդամը, վարչապետի ներկայացմամբ, պետք է տա պարզաբանումներ:

«Հարցապնդման արդյունքում կարող է դրվել կառավարության տվյալ պաշտոնյայի հետագա պաշտոնավարման արդյունավետության կամ նպատակահարմարության հարցը կամ դրա արդյունքում կարող է վարչապետին անվստահություն հայտնելու հարց դրվել: Սա կարևորագույն դրույթներից է, որը վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը»,- ընդգծեց նա:

Ամենաընթերցվածը