Կուսակցությունների մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 12:43
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը: Դրան կողմ քվեարկեց 99, դեմ ՝1, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Նախքան քվեարկությունը, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց պատգամավորների ելույթներին:

«Ուզում եմ մի կարևոր բան ասել, իրականում ես երբեք այս դահլիճում չեմ փորձել խորհուրդներ տալ, բայց կուսակցությունների մասին օրենքի համատեքստում մի հորդոր ու խնդրանք ունեմ բոլորիս՝ պետք չէ ամեն անգամ փորձել ասել վերջին բառը, վիրավորել, նսեմացնել, ցավեցնել: Կարելի է երբեմն փորձել ինքնաքննադատությամբ էլ զբաղվել, հայացքը դեպի դրսի փոխարեն նաև դեպի ներս ուղղել: Օրինակ՝ հավաքել ՏԻՄ ընտրությունների քվեները, ամփոփել ու դրանից հետևություններ անել, ոչ միայն մեծամասնության առումով, այլև փոքրամասնության», նշեց նա:

Նախարարն անդրադարձավ այն մտքին, որ կուսակցությունը մեկ հոգի է ստեղծում: «Կուսակցությունը մեկ մարդու գաղափարական արժեքների կրման արդյունքում ստեղծված գաղափար է, որին պիտի համակրեն էլի մարդիկ: Մեկ անձը կրողն է նորաստեղծ կուսակցության, այդ մեկ անձի շուրջ են հավաքվում, բայց պետք է հավաքվեն համակիրները: Ի՞նչ չափով կհավաքվեն, որ մենք որպես պետություն գնահատական տանք ու ասենք՝ ծնվել է կուսակցությունը, սրա մասին էինք խոսում ընդամենը», հավելեց նա:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ կուսակցությունների գնահատականը չի տալու պետությունը կամ Արդարադատության նախարարությունը, գնահատականը կհչեցնի ընտրողը:

«Կմնան թղթի վրա 79, 179, թե՞ էլի կուսակցություններ, վատ է վիճակագրության առումով, բայց միջամտենք ու ասենք՝ մենք ստուգելու ենք, որ դուք վերանաք, չէ: Միտք հնչեց, որ եթե կուսակցությունը վեց տարի չի մասնակցում ընտրություններին, եկեք խոսենք իրենց լուծարման  մասին: Բայց դրանով մենք կհանգեցնենք նրան, որ կստիպենք, որպեսզի իրենք ձևական առաջադրվեն ընտրություններում ու ավելի եռանդով սկսեն բանակցել, ավելի կոշտ բառ չեմ օգտագործի, քաղաքական դաշտի այլ դերակատարների հետ՝ սեփական արժեքը բարձրացնելու համար: Երբ արհեստականորեն իրեն դրդում ես ակտիվության, այդ ակտիվությունն ինքը պետք է սկսի ինչ-որ տեղ սպառել: Այսօր 70-ից 40-ը գոնե թղթի վրա մնալը չեն գերադասում ընտրություններում ուղղակի առաջադրվելուն ու ասելուն, որ՝ մենք էլ ենք առաջադրվել: Ոչինչ, որ երկու ձայն ունեինք, կարող է այդ երկու ձայնի համար ինչ-որ բառ էինք արտասանում և այդ բառի համար գնում էինք ինչ-որ մեկի մոտ, որ մեզ վճարեն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այսինքն՝ ճնշումը հակառակ էֆեկտը կարող է ունենալ:

Ամենաընթերցվածը