«Պետք չէ հովանավորներ փնտրել կամ փողեր մուրալ, որպեսզի կուսակցական գործընթացը կազմակերպեք». ՀՀԿ խմբակցության ղեկավար

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 12:23
«Նախագծի նկատմամբ հակասություններ կարծես չկան, պարզապես նախընտրական կրքեր են, և տարբեր թեմաներից խոսում են այստեղ»,- խորհրդարանում Կուսակցությունների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա կոշտ պատասխաններ տվեց ընդդիմադիր պատգամավորներին:

«Այո, համաձայն եմ, որ պետք չէ անդրադառնալ անցյալին, բայց կան տերմիններ, որոնք եղել են ձեր լեքսիկոնի մեջ, և այստեղ երեկվա հռետորներից մեկը փորձում էր վերագրել ներկայիս իշխանությանը: Օրինակ՝ կրոնը պետք է ընդունել: Դուք շատ լավ տեղյակ եք, որ դա հանգուցյալ Տեր Հուսիկի լեքսիկոնն էր: Եթե հանկարծ մեկը խոսում էր, ասում էր՝ սուրբ կրոնը պետք է ընդունել, այսինքն՝ պետք է ընդգրկվես ՀՀՇ-ի մեջ, նոր ես կխոսեմ քեզ հետ: Այդ լեքսիկոնը պետք չէ մեզ վերագրել, դուք գիտեք, որ դա եղել է ձեր լեքսիկոնը», ՀԱԿ անդամներին դիմեց Վահրամ Բաղդասարյանը:

Նա անդրադարձավ բողոքներին, թե կուսկացությունները գումար չունեն:

«Եթե չունեք ֆինանսավորում, որտեղի՞ց եք ձեր ծախսերը կատարում: Այդ ի՞նչ ֆինանսավորման աղբյուրներ են, որ կարողանում եք ստեղծել կուսակցություն, բավական լայնածավալ ծախսեր կատարել: Այստեղից պետք չէ հովանավորներ փնտրել կամ փողեր մուրալ, որպեսզի կուսակցական գործընթացը կազմակերպեք»,- նշեց նա:

Նա ընդդիմադիրներին խորհուրդ տվեց աշխատանք տանել, որպեսզի թաղային կուսակցություններից վերածվեն համապետական կուսակցությունների:

«Մեկ նպատակի համար մեկ թաղում կուսակցություն ստեղծելով՝ դուք չեք կարող կուսակցության դեմք պահել: Երկրորդ, կուսակցությունը դա ընտանեկան բիզնես չէ: Կան ընտանիքներ, որոնք երեք-չորս կուսակցություններ են բացել թաքուն, դրել բարձի տակ: Հետո չորս տարի, հինգ տարի հետո սկսում են աճուրդի հանել, վաճառել, ասում են՝ պատմություն ունի: Դա պատճառներից մեկն է, որ մեր քաղաքական դաշտը չի կայանում, կուսակցությունը դա աճուրդի համար չէ: Այսօր 79 կուսակցություն է  ստեղծվել, դրանց ճնշող մեծամասնությունը պատրաստ է հաջորդ օրը լուծել կուսակցությունը, եթե նրա ստեղծողին առաջարկեն որևէ դաշինքով դառնալ պատգամավոր: Այսինքն՝ կուսակցությունը կարող է զոհաբերել՝ պատգամավոր դառնալով», նշեց նա:

Անդրադառնալով քննադատություններին, թե ՀՀԿ-ն 157 հազար անդամ ունի, Բաղդասարյանն ասաց, որ դա Հայաստանի բնակչության 4-5 տոկոսն է կազմում:

«Եվ դա շատ նորմալ է, 157 հազար կուսակցական ունեցող ուժը համապետական ընտրություններում հավաքում է 600-700 հազար ձայն, որը շատ օրինաչափ է: Իսկ այն կուսակցութունները, որոնք հայտարարում են 300 հազարի մասին, հավաքում են ընդամենը 20-30 հազար ձայն: Այդ օրինաչափությունը նայեք և մի հաշվեք ուրիշի թվերը, հաշվեք ձեր թվերը», նշեց նա:

Անդրադառնալով Գյումրիի և Վանաձորի ընտրություններին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Մեր երիտասարդ գործընկերն այստեղ չէ, բայց զարմանում եմ, նախընտրական փուլում երկու կայացրած կուսակցությունների պլեն է վերցրել այդ մարդը՝ իր պրովոկացիաներով, իր շանտաժով: Եվ ես զարմանում եմ՝ այս կայացած քաղաքական ուժերը ո՞նց են այդ պրովոկացիաներին ենթարկվում: Ի՞նչ մեծամասնության մասին է խոսքը: ՀՀԿ-ն Վանաձորում ու Գյումրիում ունի պարզ մեծամասնություն, և հարկավոր չէ, որ ձեր անձնական քաղաքի, որտեղ դուք ծնվել ու մեծացել եք, դրա հեղինակությունը նսեմացնելով՝ ձեր անձնական դիվիդենտները ավելացնեք»:

Նա նշեց, որ այն կուսակցությունները, որոնք հերթապահում են դեսպանատների պատերի ու մեծ կուսակցությունների պատերի տակ՝ որոշ առաջարկություններ ստանալու, որոշ դաշիքներ ստեղծելու, Ազգային ժողով մտնելու նպատակով, պարզապես դատապարտելի են, դրանց պետք է պարզապես հեռացնել քաղաքական դաշտից:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է զբաղվի իր անձնական հեղինակությունը բարձրացնելով, ոչ թե շանտաժներով ու պրովոկացիաներով, որ կարողանա մի տաքուկ տեղ գտնել քաղաքական դաշտում», հավելեց Վահրամ Բաղդասարյանը: