Նոր իշխանական հարսանիք. Հրապարակ

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 10:17
Նախօրեին հայ քաղաքական էլիտան հարսանիքի էր՝ ամուսնանում էր Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակը: Քավորը Երեւանի քննչական վարչության պետ, Շենգավիթի նախկին դատախազ Ջոն Ֆարխոյանն է:

«Ֆլորենս» ռեստորանում կայացած խնջույքին մասնակցել են Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Գալուստ Սահակյանը, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, ՍԴ նախագահը, ուրիշներ:

Երգել են հայկական շոու բիզնեսի աստղերը՝ Լեյլա Սարիբեկյանը, Մհերը եւ այլք, հարսանիքը վարել է Գրիշա Աղախանյանը:

Ներկաները հատկապես տպավորվել են ապարանյան կլանի շուրջպարով․ ուս ուսի պարել են Սամվել Ալեքսանյանը, Աղվան Հովսեփյանը, ապարանցի պատգամավորները, «Նիգ Ապարան» միության անդամները:

«Երեւի մի 300 հոգի կլինեին, Գառնիկիչը հրավիրել էր բոլոր նրանց, ում համարում է ընկեր, կապ չունի՝ այժմ այդ մարդը պաշտոն ունի, թե ոչ։ Նախագահն էլ մի քանի ժամ մնաց ու գնաց», պատմեց մասնակիցներից մեկը:

Աղվան Հովսեփյանը 3 որդի ունի. կրտսերը՝ Արմենը, ԿԲ-ում է աշխատում, Գարեգին Նուշիկյանի դստեր հետ է ամուսնացած: Ավագը՝ Նարեկը, ԱԱԾ-ում քննիչ է: Նորապսակը՝ Միսակը, ատամնաբույժ է, ատամնաբուժական կլինիկա ունի: