Կարեն Կարապետյանի հեքիաթն էլ ավարտվեց. Արամ Մանուկյան

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 18:22
ԱԺ արտահերթ նիստում Կուսակցությունների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իշխանությունների գործն ու օրենքներում ամրագրված դրույթները միմյանց հակասում են: Նա հիշեցրեց, որ ըստ օրենքի՝ կուսակցություններին անդամակցությունը կամավորության սկզբունքի հիման վրա է լինում, բայց օրերս պարտադրեցին, որ վարչապետն ու նախարարներն անդամակցեն ՀՀԿ-ին:

«Խնդրում եմ ասեք՝ ձեր վարչապետը և հինգ նախարարները, եթե չլինեին վարչապետ ու նախարար, դիմում գրելո՞ւ էին: Թե՞ այդ օրը բոլորը միասին պայծառատես դարձան, որոշեցին ընդունել այդ գաղափարախոսությունը և անդամագրվեցին: Ինձ համար մի քիչ ընդունելի չէ, որ 55-60 տարեկան տղամարդը դառնում է կուսակցական այդ տարիքում՝ դիմումի մեջ էլ գրելով՝ ընդունելով գաղափարախոսությունն ու կանոնակարգը: Ում համար պարզ չէր, որ էդ մարդիկ, եթե վարչապետ ու նախարար չլինեին, չէին դառնալու ՀՀԿ-ական: Պա՞րզ չէ, որ այստեղ հրահանգվել է կամ կոնյուկտուրան է աշխատել: Եվ գիտե՞ք ժողովուրդն ինչ է ասում՝ ասում է՝ կրոնը ընդունեցին կամ ռուսերեն ասած՝ հստակեցվեց кто в доме хозяин»,- նշեց Արամ Մանուկյանը:

Եվ հեքիաթը, որը կապված էր Կարեն Կարապետյանի հետ, Արամ Մանուկյանի խոսքով, ավարտվեց: «Այդ հեքիաթն այլևս ավարտված է, որովհետև դուք ձեր կուսակցական ճնշումով կարգավորեցիք այդ դաշտը: Վիգեն Սարգսյանն ինչի՞ մտավ ՀՀԿ, ո՞ր պաշտպանության նախարարն է մինչև էդ եղել կուսակցական իր գործունեության ընթացքում, ոչ մեկը»,- նշեց նա:

Նա անդրադարձավ նաև մեկ օրում ՀՀԿ-ին 7000 մարդ անդամագրվելու խնդրին, ասելով. «Նոյեմբերյանում մի տաքսի նստեցի, տաքսիստն ասում էր՝ վիզիտկայով բաժանում են, բոլորին առաջարկում են: Կարո՞ղ եք ինձ ասել, էդ 7000-ից քանի՞ չաշխատող մարդ կա, կա՞ մարդ, ով պետական համակարգում չէ, բայց եկել ու ՀՀԿ-ական է դարձել: Հնարավոր չէ որևէ երկրում ունենալ 10 հազարից ավելի կուսակցական, ձեր մոտ կուսակցականների թիվը հասնում է բնակչության 8 տոկոսը: Լավ, ո՞ւմ եք խաբում, չեք հասկանում, որ սա հակառակ էֆեկտ է տալու»: