Ընտրություններին չմասնակցող կուսակցությունները պետք է ինքնալուծարվեն. Շարմազանով

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 18:02
«Մենք պետք է կարողանանք հասարակական կազմակերպությունը կամ գարեջրի սիրահարների միությունը տարբերակել քաղաքականությունից»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում Կուսակցությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ պետք է աստիճանաբար գնալ այն ճանապարհով, որ այն կուսակցութունները, որոնք երկու, երեք կամ չորս գումարման Ազգային ժողովների ընտրություններին չեն մասնակցում, ընդամենը թղթի վրա են, պետք է ինքնալուծարվեն:

«Եթե քաղաքական ուժը 15 տարի շարունակ երեք ցիկլով չի մասնակցում պառլամենտական ընտրություններին, մի 15 տարի էլ չի մասնակցում ՏԻմ ընտրություններին, լավ ժողովուրդ ջան, իմաստը ո՞րն է այդ կուսակցության»,- ասաց Շարմազանովը: Նա նշեց, որ եզրակացությունը հետևյալն է, նոր հեծանիվ չեն ստեղծում, պետք է գնալ զգուշավոր բարեփոխումների ճանապարհով:

Նա նաև նշեց, որ աստիճանաբար գնալու են կուսակցությունների խոշորացման ճանապարհով, դա անխուսափելի է, բայց արհեստականորեն խոչընդոտելը ճիշտ չէ, պետք է բնականոն լինի դա:

«Շատերին է մտահոգում իմ հարազատ կուսակցության ճակատագիրը, մեկ գիշերում 7000 հոգով համալրելը: Մի մտահոգվեք, մենք ձեզ ցանկանում ենք, որ դուք մեկ գիշերում համալրվեք 20-30 հազար անդամներով»,- ասաց Շարմազանովը:

Ամենաընթերցվածը