Այս ամենը տանում է մի շատ վատ տեղ. Էդմոն Մարուքյան

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 17:58
«Արդյոք Հայաստանի քաղաքական համակարգի պրոբլեմը այն կուսակցություններն են, որոնք գրանցված են, բայց չեն գործում, գրասենյակներ ու ռեսուրսներ չունեն: Բնականաբար, ոչ: Հայաստանի քաղաքական համակարգի պրոբլեմը քաղաքական համակարգը դեպի մեկ կուսակցություն տանող մոտեցումներն են, քաղաքական մոնոպոլիայի հզորացումը»,- ԱԺ արտահերթ նիստում Կուսակցությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական համակարգի պրոբլեմներից մեկը հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հանրապետականացումն է, որ այդ ընկերությունները դառնում են Հանրապետական կուսակցության մասնաճյուղերը: Եվ դա է պատճառը, որ մեկ գիշերվա մեջ 7000 մարդ կարող է դառնալ մեկ կուսակցության անդամ:

«Եվ այստեղ ընդդիմությանը կասեն՝ դե մի մտածեք, 20 հազար մարդ էլ ձեզ ենք կամենում: Այդ որտեղի՞ց  պետք է 20 հազար մարդ գնա ու դառնա որևէ ընդդիմադիր ուժի անդամ: Հայաստանում բոլոր պետական կառավարման, տեղական ինքնակառվարման մարմիններն ամբողջությամբ գործում են մեկ կուսակցության համար, սա՞ է այն քաղաքական համակարգը, որի համար Սահմանադրությունը փոխվել է»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ հանրային բարիքն այսօր ամբողջությամբ դրված է մեկ կուսակցության տակ: Եվ այս ամենը տանում է մի տեղ, շատ վատ տեղ, որը կոչվում է միահեծան, մոնոպոլ քաղաքական համակարգի ձևավորում, որը չի կարող որևէ զարգացում ապահովել:

«Ասում եք՝ մարզային գրասենյակներ բացեք: Վերցրեք ՀՀԿ գույքի հայտարարագիրը, ուսումնասիրեք, տեսեք, թե ՀՀԿ-ն ինչ գույք է հանրապետությունում սեփականաշնորհել: Կա՞ կուսակցություն, որը կարող է այդ գույքի թեկուզ 25 տոկոսն ունենալ, 600 տարի էլ գործի, ոչ մի կուսակցություն չի կարող այդքան գույք ունենալ: Ես զարմանում եմ ՝ո՞ւմ է խանգարում, որ մենք 70 կամ 79 քաղաքական միավոր ունենք, որոնց մեծ մասը, այո, չեն գործում: Բայց դա՞ է Հայաստանի պրոբլեմը: Ոչ, պրոբլեմը բուհերի ՀՀԿ-ականացումն է, պրոբլեմն այն է, որ ոչ մի գործարար չի կարողանում ռիսկ անել որևէ ընդիմադիր քաղաքական ուժի սատարել, որովհետև ծայրահեղ խնդիրներ կունենա տարբեր մարմինների հետ», ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ մարզերում իրենց հանդիպումներից հետո ինչ-որ մարդիկ գնում ու բնակչությանը հարցնում էին՝ ի՞նչ էին ուզում, ի՞նչ գործ ունեին այստեղ, ընդդիմադիրները գրասենյակներ չեն կարողանում վարձակալել:

«Չհասկացվա, մե՞զ եք վերահսկում, վերահսկեք ավտոմատով մարդկանց, ովքեր օրը ցերեկով ոստիկանական ՊՊԾ գունդ են գրավում: Սրճարանի տարածք ենք վարձում կամ ինչ-որ դահլիճ, մեզանից հետո գնում հարցնում են՝ ովքե՞ր են: Մարզերում դեպք է եղել, որ մարդը տարածքի համար ասում է՝ երկու տարով պայմանագիր կնքեք, ասում ենք՝ հա, կկնքենք, ասում է՝ հեսա Ռուսաստանից գամ, կկնքենք: Երեք ամսվա գումարը վճարում ենք, էդ մարդը վերադառնում է, ասում է՝ շատ արագ ուզում եմ վաճառեմ, դուրս եկեք գրասենյակից: Սրանք են Հայաստանի քաղաքական համակարգի պայմանները», հավելեց նա:

Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական կառավարման մոդել է ներդրվել Երևանում, Գյումրիում և Վանաձորում, և ի՞նչ է արվել: Քաղաքական ուժերը մասնակցում են այդ ընտրություններին, մասնակցության արդյունքում հուշագիր են ստորագրում, որոշում են հուշագրով որոշակի գործողություններ իրականացնել, բայց տեղի են ունենում ճնշումներ, մանդատագողություն: Դրա հետևանքով մի քաղաք գերի է մնացել մի կուսակցության ձեռքին:

«Չունեք մեծամասնություն, պետք է հրաժարական տաք, պառլամենտական մոդելի սկզբունք է: Ունեք մեծամասնություն, ղեկավարեք քաղաքը»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ եթե այս իրավիճակը մնա, լուրջ խնդիրներ կառաջանան երկրում:

«Մնացած կուսակցություններով էլ կհավաքվենք, դիմումներ կգրենք, կտանենք Արդարադատության նախարարություն, կլուծարենք մեր կուսակցությունները: Կմնա մենակ ՀՀԿ-ն, Հ1-ով ամեն օր ցույց կտաք, համերգներ արեք, երգիչները թող երգեն, ասեք՝ ամեն ինչ լավ է, զարգանում է, ծաղկում, իսկ դուք բողոքում եք ու չեք գնահատում», հավելեց նա: