Կուսակցություններն իրավունք կստանան հեռացնել պատգամավորին

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 17:05
ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծով, եթե պատգամավորը խմբակցությունից դուրս է գալիս, այլ խմբակցություն չի կարող մտնել, այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Խնդիրն այն է, որ խմբակցությունից դուրս գալով՝ նրա պատգամավորական մանդատը չի կարող վայր դրվել, որովհետև դա սկզբունքորեն կհակասի ՀՀ Սահմանադրությանը: Նա մնում է որևէ խմբակցության մեջ չընդգրկված պատգամավոր: Իսկ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի համաձայն՝ տրմաբանությունը հանգում է նրան, որ պատգամավորը լայն լիազորություններ ունի կամ հանձնաժողովներում ու պատվիրակություններում է ընդգրկվում, եթե ինքն ինչ-որ խմբակցության անդամ է: Եթե խմբակցության անդամ չէ, սկզբունքորեն լիազորությունների շեշտակի անկում է ապրում: Եթե ինձ հարցնեք, այդպիսի պատգամավորը, բացի քվեարկելու իրավունքից, սկզբունքորեն ուրիշ ոչինչ չի կարող անել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս նորմը փոփոխվում է, քանի որ Սահմանադրությամբ է ամրագրված: Բացի այդ, կուսակցությանը հնարավորություն է ընձեռվում, որպեսզի պատգամավորին իր խմբակցությունից հեռացնելու հնարավորություն ունենա:

“Պետք է հնարավորություն լինի և դուրս գալու, և խմբակցությունից հեռացնելու, որովհետև եթե պատգամավորը խմբակցության հայեցակարգից, ծրագրերից ու սկզբունքներից շեղվում է, նշանակում է խմբակցությունը պետք է հնարավորություն ունենա վերաբերմունք արտահայտելու, գոնե հեռացնելու: Այսօր էլ կարող ենք տեսնել, որ պատգամավորը խմբակցության հետ տարբերվող դիրքորոշում ունի, բայց օգտվում է ընդդիմադիր պատգամավոր կոչվելու արտոնությունից, միաժամանակ ընդդիմադիր կոչվող կուսակցության դիրքորոշումը չի կիսում”,- ասաց նախարարը:

Ամենաընթերցվածը