Սուր շնչառական հիվանդությունների դեպքում հակաբիոտիկներ տալը ճիշտ չէ. մասնագետ

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 15:55
Սուր շնչառական հիվանդությունների դեպքում հակաբիոտիկներ տալը ճիշտ չէ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

«Հենց սկզբից պետք չէ դեղորայք տալ: Մեր շատ ծնողներ, վախով պայմանավորված, երեխաներին հակաբիոտիկներ են տալիս, ինչը ճիշտ չէ: Հակաբիոտիկները կճնշեն մարդու իմունային համակարգը, ավելին, դրանք չեն ազդում վիրուսի վրա: Դրա համար անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, շատ հեղուկ օգտագործել, հիվանդի համար առանձին սենյակ հատկացնել և այն հաճախակի օդափոխել: Խորհուրդ է տրվում մոմ վառել,  գազօջախի վրա եփել քացախ կամ եռացնել վարդի ջուր, որ օդում միկրոբները պակասեն»,-ասաց Անդրանիկ Ոսկանյանը:

Սուր շնչառական հիվանդությունների առաջին ախտանիշները. անզուսպ փսխումներ, այսինքն` ցանկացած սնունդ, ջուր դուրս է մղվում, հիվանդը հրաժարվում է սնունդ և հեղուկ ընդունելուց, ցնցումներ են ի հայտ գալիս:

ՀՀ առողջապահության նախարարության մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ծրագրի ղեկավար Սոնյա Առուշանյանի խոսքով, այս նշանների դեպքում անպայման պետք է դիմել բժշկի: Դրանից բացի, պետք է ուշադրություն դարձնել հիվանդի շնչառությանը: Եթե կա դժվարաշնչություն, աղմկոտ շնչառություն, այդ դեպքում նույնպես դիմել բժշկին:

«Ինչ վերաբերում է հիվանդի խնամքին, ապա պետք է շատ հեղուկ օգտագործել: Դա կարող է լինել սովորական ջուր, հանքային ջուր` գազը հեռացված, մրգաչրերից պատրաստված եփուկներ` կոմպոտներ: Սննդի հետ կապված, այն պետք է լինի դյուրամարս և փոքր չափաբաժիններով: Կրծքով սնվող երեխաների դեպքում թիվ մեկ բուժումը հաճախակի կրծքով կերակրելն է»,-հավելեց Սոնյա Առուշանյանը:

Անդրադառնալով ջերմիջեցնող հաբերին՝ մասնագետները նշեցին, որ դրանք պետք է տրվեն 38,5 և ավելի ջերմության դեպքում: Մինչ այդ պետք է թողնել, որ օրգանիզմը պայքարի: Մասնագետները խորհուրդ են տալիս ոչ բարձր ջերմաստիճանի դեպքում ջերմությունն իջեցնել այն պրոցեդուրաների միջոցով, որոնք կհանգեցնեն քրտնարտադրության: Դա կօգնի մարդու օրգանիզմից թույները դուրս բերել:

Ի դեպ, խորհուրդ չի տրվում բարձր ջերմության դեպքում երեխաներին օղիով, քացախով մերսել: Երեխաների մաշկը նուրբ է, զգայուն, նման ձևով հնարավոր է մաշկը վնասել: Երեխային կարելի է շփել միայն գոլ ջրով: