ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որ իր գոյության ընթացքում երեք առաջնորդ է կորցրել եւ վերապրել է. Աշոտյան

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 15:26
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ` ՀՀԿ 16-րդ համագումարը Հանրապետական կուսակցության պատմության մեջ կարեւոր իրադարձություն էր: «Այո, ինձ համար անձամբ այդ համագումարը պատմական էր ու կարեւոր, քանի որ մենք կարողացանք նաեւ զուգակցել օրենսդրական պահանջը առկա քաղաքական իրավիճակի հետ, գնահատականներ հնչեցնել, լուծումներ առաջարկել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Աշոտյանը:

Նրա խոսքով` կուսակցության արժեքը հենց տարբեր լինելն է: «Զարմանալի բան չկա, որ ՀՀԿ-ն, բավականին տարբեր լինելով իր էությամբ, իր մարդկային ռեսուրսով, միշտ  քաղաքական վճռական պահերի կայացնում ու կյանքի է կոչում  միասնական որոշումներ: Մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք, մենք կուսակցություն ենք, որը վերից վար միավորում է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որոնց արժեհամակարգային շրջանակը հիմնականում նույնն է:

Հանրապետականը միակ կուսակցությունն է երեւի թե իմ իմացածից, որ իր գոյության ընթացքում երեք առաջնորդ է կորցրել եւ վերապրել է: Կորցրել ենք Աշոտ Նավասարդյանին, Վազգեն Սարգսյանին, Անդրանիկ Մարգարյանին, երեքն էլ եղել են  կուսակցական առաջնորդներ, բայց մենք վերապրել ենք որպես կուսակցություն: Չեմ կարող մտաբերել մի քաղաքական ուժ, որ Աստված չանի, իր առաջնորդին ֆիզիկապես կորցնելու դեպքում կարողանա նման կերպ վերարտադրվել եւ պահպանվել»,-եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը: 

Ամենաընթերցվածը