Ինչու՞ կուտակել ֆոնդում, եթե հնարավոր է ավանդ ներդնել

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 15:10

Ինչու՞ կենսաթոշակային խնայողությունները կատարել կենսաթոշակային ֆոնդերում և դրանց կառավարումը վստահել ֆոնդերի կառավարիչներին, եթե կարելի է ներդնել բանկային ավանդ` միաժամանակ հստակ իմանալով, թե ներդրված գումարները քանի տոկոս եկամտաբերություն կապահովեն. պատասխանում են մասնագետները:

Նախ և առաջ` ամբողջ աշխարհում կենսաթոշակային ֆոնդերը, ի տարբերություն բանկային ավանդների, երկարաժամկետ խնայողության մեխանիզմ են: Դրանց միջոցով մարդիկ կուտակում են անհամեմատ ավելի երկար ժամանակ, վստահում են միջոցների կառավարումը ակտիվների կառավարման բնագավառում զգալի փորձառություն ունեցող մասնագիտացված կառույցներին` ապագայում արժանավայել կենսաթոշակային եկամուտ ունենալու ակնկալիքով: Երկարաժամկետ կտրվածքով` կենսաթոշակային ֆոնդերը առավել մեծ եկամտաբերություն ունեն, քան ավանդները, քանի որ միջոցները շատ ավելի երկար ժամանակ են գտնվում շրջանառության մեջ:

Բացի այդ, ավանդի դեպքում մեծ է գումարը վաղաժամ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ստանալու գայթակղությունը. մեծ է հավանականությունը, որ կենսաթոշակային տարիքի համար կատարված խնայողությունը այդպես էլ չի ծառայի իր նպատակին, հետևաբար բարձր է կենսաթոշակային տարիքում աղքատ լինելու ռիսկը:

Մինչդեռ, ի տարբերություն բանկային ավանդների, կենսաթոշակային ֆոնդերում կատարվող խնայողությունների վաղաժամ օգտագործման մեխանիզմները ավելի խիստ են, ինչի շնորհիվ, ըստ էության, երաշխավորվում է, որ կենսաթոշակային տարիքի համար կուտակված միջոցները կօգտոգործվեն հենց կենսաթոշակային տարիքում` ապահովելով մասնակցի բարեկեցիկ ծերությունը:

Հայաստանում կուտակային բաղադրիչի գործողության մեխանիզմների մեջ էական նշանակություն ունեն գումարը ստանալու հետ կապված կարգավորումները, որոնցից մեկը վերաբերում է կուտակային միջոցները նախքան կենսաթոշակային տարիքը ստանալուն:

Օրենքը նախատեսում է մի շարք դեպքեր, երբ կուտակային միջոցները կարելի է ստանալ ավելի շուտ, ինչպես օրինակ՝ ծանր հիվանդությունները, 55 տարեկանը լրանալուց հետո վաղաժամ կուտակային կենսաթոշակ ստանալու հնարավորությունը, կուտակողի մահվան դեպքում ժառանգների կողմից միջոցները կանխիկ ստանալու հնարավորությունը:

Մյուս բոլոր դեպքերում մասնակիցը «ստիպված է» սպասել իր կենսաթոշակային տարիքը լրանալուն` իր և պետության կողմից իր համար կատարված խնայողությունները 63 տարեկանից հետո որպես կենսաթոշակ ստանալու համար:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որևէ հեռանկարային նպատակով խնայողություն կատարող մարդկանց շուրջ 80 տոկոսը այդ գումարը ծախսում է վաղաժամ` բոլորովին այլ ծախսեր հոգալու համար («Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ, «Կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ բազային հետազոտության» արդյունքներ, 2012թ.): Այդպիսի խնայողություններ են նաև ավանդները, որտեղ գումարի ստացման մեխանիզմները շատ ավելի մեղմ են, հետևաբար ավելի ռիսկային` տնտեսված միջոցները ոչ նպատակային օգտագործելու, անհամեմատ ավելի կարճ ժամանակահատված կառավարման մեջ գտնվելու արդյունքում ավելի քիչ եկամտաբեր լինելու տեսանկյունից:

Կենսաթոշակային խնայողություն կատարելով կուտակային համակարգի միջոցով` մենք ապահովագրում ենք մեր բարեկեցիկ ծերությունը արդեն այսօր. միջոցները առավելագույնս պաշտպանված են, դրանք համաֆինանսավորվում են պետության կողմից` այսպիսով արդեն իսկ ունենալով մինչև 100 տոկոս եկամտաբերություն` ի տարբերություն առաջարկվող ցանկացած ավանդի: Լինելով երկարաժամկետ խնայողություններ` կուտակային կենսաթոշակային միջոցներով կատարվող ներդրումները առավել եկամտաբեր են, քան ավանդները:

«Նորք» կենտրոն

Ամենաընթերցվածը