ՀՀԿ-ին անդամակցելը չի կաշկանդի վարչապետին. Արփինե Հովհաննիսյան

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 15:04
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր՝ ՀՀԿ գրործադիր մարմնի անդամ դառնալու որոշմանը՝ նշելով, որ դա պատասխանատվություն է:

«Դա նշանակում է ներկուսակցական որոշումների կայացման համատեքստում որոշակի պատասխանատվություն: Իսկ եթե ավելի կոնկրետ պատասխան եք ուզում, թույլ տվեք առաջին նիստը կայանա, հետո մանրամասն կպատմեմ»,- նշեց նա:
Հարցին, թե արդեն Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարել է, որ 2017 թվականին էլ ՀՀԿ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է լինելու, իսկ իրեն պաշտոն խոստացե՞լ են, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց՝ իհարկե, ոչ:

«Ընդհանրապես, ես կարծում եմ, որ որևէ մեկին հետագա պաշտոնավարման հետ կապված խոստում ձևակերպումն ինքնին ոչ այդպիսի ձևաչափ կա, նույնիսկ կոռեկտ չէ, որ այդպիսի բան կարող է հնչել: Նախագահի հայտարարությունը՝ կապված վարչապետի հետ, դա կառավարությանը տրված կամ վարչապետին տրված վստահության քվե էր՝ նաև հետագայում շարունակելու այն բարեփոխումների գիծը, որն այս կառավարությունը վերցրել է իր վրա: Եվ նախագահն ընդամենն ասում էր՝ եթե Հանրապետականը հնարավորություն ունենա ձևավորել կառավարություն, ապա այդ կառավարության վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Ինչ վարեբերում է այն տեսակետներին, որ ՀՀԿ-ին անդամակցելով վարչապետը կորցրեց իր հեղինակությունը, և իրական բարեփոխումներ չպետք է ակնկալել, նախարարը պատասխանեց, որ մեկնաբանությունները միշտ տարբեր են լինելու: «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր անդամ երբ անդամակցել է կուսակցությանը, առհասարակ տվյալ անձի որոշումն է: Ես կարծում եմ, որ այդ մեկնաբանություններն ուղղակի ենթադրությունների կամ մարդկանց կարծիքի դաշտից են: Յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքը հայտարարել: Բայց բոլորովին այլ հարց է՝ տվյալ կարծիքն արտահայտողը և այդ կարծիքի ենթադրյալ սուբյեկտը, այն անձը, ով անդամակցել է այդ կուսակցությանը, կիսու՞մ է այդ կարծիքը, թե ոչ»,- ասաց նա:

Հարցին, թե բարեփոխումներ անելիս ՀՀԿ անդամակցությունը չի՞ կաշկանդի վարչապետին, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ ոչ: Դուք ինքներդ էլ ընդունում եք, որ կառավարությունը տարբեր գերատեսչությունների մակարդակով իրականում սկսել է մի ընթացք, որտեղ դուք էլ ամեն օր տեսնում եք, որ քայլ առ քայլ ինչ-որ բան է փոխվում: Շատ նախագծեր չէիք էլ հավատում, որ ինչ-որ տեղ կհասնեն և այլն: Քայլեր են կատարվում, էդ քայլերի հաջորդականությունը կտեսնեք, գնահատականն էլ հետո կտաք»,- ասաց նա:

Ամենաընթերցվածը