«Համաձայն Սերժ Սարգսյանի ասածի՝ ինքը դառնալու է վարչապետ 2018 թվականից»

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 12:51
«Շատ պարզ հնարք է կատարվել՝ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործում է, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում գրանցի լավ արդյունք: Իսկ լավ արդյունքը, համաձայն Սերժ Սարգսյանի՝ ավելի վաղ արած հայտարարության, բերելու է 2018-ին նրա պաշտոնավարմանը վարչապետի պաշտոնին»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե եթե ՀՀԿ-ն հաջողություն գրանցի խորհրդարանական ընտրություններում, դարձյալ վարչապետ կլինի Կարեն Կարապետյանը:

Զուրաբյանը հիշեցրեց, որ Ալ Ջազիրային տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, թե իր՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հարցը կախված է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից: Հետևաբար, ըստ Զուրաբյանի, նա նկատի չունի, որ 2017 թվականին է լինելու վարչապետ, խոսքը 2018 թվականի մասին է: Դա նշանակում է, որ ՀՀԿ-ն հանգիստ կարող է խոստանալ, որ 2017 թվականին վարչապետ է լինելու Կարեն Կարապետյանը:

«Այսինքն՝ եթե ամեն ինչ գնում է Սերժ Սարգսյանի սցենարով, ստացվում է, որ Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործվելու է 2017 թվականի ապրիլի ընտրություններում արդյունք գրանցելու համար, բայց համաձայն հենց Սերժ Սարգսյանի ասածի՝ ինքը դառնալու է վարչապետ 2018 թվականից», նշեց Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե մեկ օրում 7000 մարդ է անդամագրվել ՀՀԿ-ին, Լևոն Զուրաբյանը դա խայտառակություն որակեց: «Իրականում մասսայաբար ստիպել են ջրի, լույսի ու գազի աշխատողներին ընդգրկվել կուսակցության մեջ: Մի՞թե նրանք այնքան են կտրվել իրականությունից, որ չեն հասկանում՝ նման քայլը, հատկապես ընտրություններից առաջ, հենց այն մարդկանց մոտ, ում իրենք պարտադրել են մտնել այդ կուսակցություն, առաջանցնելու է զզվանքի, ատելության ու օտարման զգացում: Եթե հաճույքով են արել, ուրեմն մարդիկ կան, որոնք բռնությունից հաճույք են ստանում», նշեց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավարան անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի ելույթում հնչեցրած թվերին՝ նշելով, որ բոլորն էլ գիտեն, թե ինչ է կատարվում ռեալ կյանքում:

«Ես նկատում եմ, որ ՀՀԿ-ն իր պաշտոնավարման18-րդ տարում ձեռք է բերում ծերունական զառամյալի սիմպտոմները, որոնք բնորոշ էին КПСС-ին 70-ական, 80-ական թվականներին: Եթե հիշում եք հայտնի պրիպիսկաների պատմությունը, КПСС-ը պլնավորում էր, որ այսքան աճ պետք է լինի, աճը չէր լինում, բայց գրում էին, որ այդքան աճ կա: Եվ բարձր ղեկավարները՝ Բրեժնևից սկսած, հավատում էին այդ արդյունքերին, որովհետև բացարձակապես կտրված էին իրականությունից: Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմն այնքան են կտրվել իրականությունից, որ միգուցե հավատում են այդ թվերին», ասաց Զուրաբյանը: 

Ամենաընթերցվածը