Կարեն Կարապետյանն իր մուտքով ՀՀԿ հաստատեց, որ ժամանակավոր վարչապետ չէ. Արմեն Աշոտյան

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 12:13

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը զարմանալի չի համարում վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքը կուսակցություն:

«Կարեն Կարապետյանն իր մուտքով  հաստատեց, որ ժամանակավոր վարչապետ չէ, հրավիրյալ չէ մեր քաղաքականության մեջ, նա կառավարությունում պարզապես գործադիր տնօրեն չէ: Նա ուզում է եւ պատրաստ է լինել քաղաքական կերպար, իսկ քաղաքականության առումով նրանից լավ  չեմ կարող ասել, թե ինչու մտավ կուսակցություն: Այստեղ որեւէ ինտրիգ չկա, կլիներ այն ժամանակ, եթե չմտներ», «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց նա:

Աշոտյանն ասաց, որ ուրախ կլինեն, եթե ընդդիմությունն էլ նույն կերպ վարվի, ինչ ՀՀԿ-ն, այն է՝ նշի, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում ով կլինի վարչապետի թեկնածուն:

«Մենք դա ազնվորեն ասացինք՝ եւս մեկ անգամ հաստատելով, որ մենք իրավիճակային լուծումներ չենք տալիս, այլ ռազմավարական: Քաղաքականությունը կանխատեսելի է որոշակի շրջանակներում, մի ակնկալեք մեզնից, որ ավելի շատ «բացվենք», մենք էլ ընդդիմությունից ենք ակնկալում նման քայլեր»,ասաց նա:

Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ նա նշեց, որ կարեւոր է հասկանալ այդ ընտրությունների վճռական իմաստը, քանի որ դրանք են ձեւավորելու երկրի զարգացման տեսլականը մինչեւ 2022 թվականը: «Սրանք պարզապես ընթացիկ ընտրություններ չեն: Կարեւոր է 2017 թվականի խորհրդարանական քվեն, քանի որ դա է ձեւավորելու Հայաստանում իշխանությունը», ընդգծեց նա: